Ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման հարցում անհրաժեշտ են ոչ ստանդարտ մոտեցումներ. Աբաշիձե

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման գծով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հայտարարել է, որ այս տարի գրանցված ռուս-վրացական երկկողմ շփումների արդյունքները լավատեսություն են ներշնչում:

Աբաշիձեն հայտարարել է, որ երկկողմ ձևաչափով (Աբաշիձե-Կարասին) մեկ տարվա շփումների արդյունքում հաջողությամբ լուծում է տրվել իրենց վրա դրված առաջադրանքների 80 տոկոսին կամ անգամ ավելիին.

«Մենք չենք խոսում հաջողությունների կամ ինչ-որ բեկման մասին: Մենք միայն փորձեր ենք ձեռնարկում դուրս գալ այն փակուղուց, որում հայտնվել ենք 2008 թվականի պատերազմից հետո:

Մեր շուրջ աշխարհն արագորեն փոխվում է, շարունակ ի հայտ են գալիս նոր մարտահրավերներ և վտանգավոր միտումներ: Այդպիսի պայմաններում անհրաժեշտ են ոչ ստանդարտ մոտեցումներ: Այն, որ կողմերը մեկ տարում լուծել են որոշակի խնդիրներ, բացարձակապես չի նշանակում, որ սպառված են մեր երկխոսության հնարավորությունները:

Մենք չունենք դիվանագիտական հարաբերություններ, մենք հանդիպում ենք 2-3 ամիսը մեկ անգամ, և այդ ընթացքում կուտակվում են մի շարք հարցեր, որոնք լուծում են պահանջում: Դրա համար էլ մեր կարծիքով կարևոր է երկկողմ երկխոսության ձևաչափը, ինչպես նաև՝ Ժնևյան բանակցությունները»:

Հիշեցնենք, որ Զուրաբ Աբաշիձեի ու ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի միջև վերջին հանդիպումը Պրահայում անցկացվել է այս տարվա նոյեմբերի 21-ին, իսկ հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու 2014 թվականի փետրվար-մարտին:

Տեսանյութեր

Լրահոս