Բաժիններ՝

ԶԼՄ-ները գնահատել են Ուկրաինայի համար արած գազային զեղչից «Գազպրոմի» կորուստները

Ռուսական Ведомости թերթի փոխանցմամբ՝ «Գազպրոմը» չպետք է տուժի ուկրաինական «Նավթոգազին» գազի գնի հարցում արած զեղչից: Այս մասին հայտնել է ռուսական կոնցեռնին մոտ կանգնած աղբյուրը:

«Գազպրոմը» կարող է գազի գնի զեղչը փոխհատուցել վաճառքի ծավալների մեծացմամբ, ծայրահեղ դեպքում ընկերությանը կօգնի պետությունը: Եթե Ուկրաինան շարունակի գազ գնել 2013 թվականի ծավալով (26 միլիարդ խորանարդ մետր), ապա «Գազպրոմի» կորուստները կարող են գերազանցել 3.5 միլիարդ դոլարը:

Ռուսաստանը Կիևի համար գազային զեղչ անելու մասին հայտարարել է երեկ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր ուկրաինացի գործընկեր Վիկտոր Յանուկովիչի հետ բանակցությունների արդյունքներով հայատարարել է, որ Ուկրաինայի համար ռուսական գազի հազար խորանարդ մետրի գին է սահմանվում 268.5 դոլարը: Հաշվի առնելով, որ վերջին ամիսներին Ուկրաինան հազար խորանարդ մետր ռուսական գազի համար վճարել է 406 դոլար, ապա զեղչը կազմել է 34 տոկոս:

2009 թվականին Մոսկվայի ու Կիևի միջև կնքված գազային պայմանագրով Ուկրաինան պարտավորվել է վճարել առնվազն 41.6 միլիարդ խորանարդ մետր գազի համար, անգամ եթե նա չի ստացել գազի նշված ծավալը (դա է ենթադրում «take or pay» (վերցրու կամ վճարիր) սկզբունքով կնքված պայմանագիրը, ըստ որի՝ մատակարար երկիրը պարտավոր է ապահովել պայմանագրում նշված գազի մատակարարումների առավելագույն ծավալը, իսկ գնորդ երկիրը պարտավոր է ամբողջովին վճարել դրա դիմաց՝ անկախ նրանից, թե նա տվյալ մեկ տարում որքան ծավալի գազ է ստացել – 168.am):

Չնայած դրան՝ Կիևը պլանավորել է այս տարվա արդյունքներով գնել միայն 26 միլիարդ խորանարդ մետր գազ: 2012 թվականին Ուկրաինան գնել է միայն 32.9 միլիարդ խորանարդ մետր գազ: Այս տարվա հունվարին «Գազպրոմը» Կիևին տուգանել էր 7 միլիարդ դոլարով՝ սահմանված քանակի գազ չգնելու և համապատասխան վճարումներ չանելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս