Ասոցացման համաձայնագիրը Կիևին չի հարկադրում ընտրություն կատարել Բրյուսելի ու Մոսկվայի միջև. Ֆյուլե
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրահանձնաժողովը կարծում է, որ ռուս-ուկրաինական պայմանավորվածությունները պետք է լինեն փոխշահավետ և համապատասխանեն ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի հարցում Ուկրաինայի ստանձնած պարտավորություններին:
Այս մասին հայտարարել է ԵՄ ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն. «Եթե մոսկովյան քննարկումները կարգավորում են փոխշահավետ պայմաններով Ուկրաինայի ու Ռուսաստանի միջև առևտրային հարաբերությունները, և այդ համաձայնագիրը կհամապատասխանի Ասոցացման համաձայնագրով Ուկրաինայի ստանձնած պարտավորություններին, ապա կարելի է ողջունել այն:
ԵՄ-ը մշտապես կարծել է, որ Ասոցացման համաձայնագիրը Կիևին չի հարկադրում ընտրություն կատարել Բրյուսելի ու Մոսկվայի միջև: Մենք մշտապես ողջունել ենք Ուկրաինայի ու Ռուսաստանի միջև առևտրային և այլ հարաբերությունների ավանդական պահպանման անհրաժեշտությունը»:
Երեկ Մոսկվայում տեղի է ունեցել ռուս-ուկրաինական միջպետական հանձնաժողովի նիստը, որը նախագահել են Ռուսաստանի ու Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Վիկտոր Յանուկովիչը:
Նիստի ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Ուկրաինան հազար խորանարդ մետր ռուսական գազի համար վճարելու է 268.5 դոլար (ներկայումս դա կազմում է ավելի քան 400 դոլար): Բացի այդ, Ռուսաստանը 15 միլիարդ դոլար կհատկացնի Ուկրաինայի եվրապարտատոմսերի գնմանը: