
Ուկրաինայի խորհրդարանի նիստը տևել է 10 րոպե

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Վլադիմիր Ռիբակն այսօր առավոտյան բացել է խորհրդարանի նիստը՝ չնայած նրան, որ մոտ 30 ընդդիմադիր պատգամավորներ շրջափակել էին ամբիոնն ու պրեզիդիումը: Խորհրդարանում գրանցված է եղել 256 պատգամավոր:
Ռիբակը հայտնել է, որ դահլիճում հավաքված պատգամավորների մեծ մասը ցանկանում է աշխատել: Նա հավելել է, որ 2014 թվականի պետբյուջեի նախագիծը պլանավորված է խորհրդարանում քննարկել հինգշաբթի: Ռիբակը չի բացառել, որ այն կարող է ընդունվել կրճատ ընթացակարգով՝ ընդգծելով, որ Ուկրաինայում արդեն իսկ գրանցվել է նման նախադեպ, երբ խորհրդարանի նախագահն Արսենիյ Յացենյուկն էր:
10 րոպեից էլ պակաս ժամանակ անց Ռիբակն ավարտել է խորհրդարանի նիստը: Նա ստիպված է եղել խոսել ոչ թե խորհրդարանի ամբիոնից, այլ՝ դահլիճից՝ իշխող Ռեգիոնների կուսակցության պատգամավորների շրջանում: Յացենյուկն իր հերթին հայտարարել է, որ Գերագույն ռադայի ապաշրջափակումը տեղի կունենա ընդդիմության պահանջների կատարումից հետո: