Բաժիններ՝

ՄԱԿ-ը Սիրիային օգնելու համար միջազգային հանրությունից խնդրել է 6.5 միլիարդ դոլար

BBC News-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ն այսօր հայտարարել է, որ մտադիր է հավաքել 6.5 միլիարդ դոլար՝ Սիրիայի բնակիչներին հումանիտար օգնություն ցուցաբերելու համար: Ընդ որում, համայն աշխարհում հումանիտար նպատակներով ՄԱԿ-ի ընդհանուր բյուջեն հաջորդ տարի կազմելու է 13 միլիարդ դոլար:

Ենթադրվում է, որ այդ գումարից 2.3 միլիարդ դոլարը ծառայելու է Սիրիայի բնակիչների կարիքներին, իսկ մնացյալ 4.2 միլիարդ դոլարը՝ հարևան երկրներում ապաստան գտած սիրիացի փախստականների կարիքներին:

Միջազգային հանրությունից ՄԱԿ-ի խնդրած այդ գումարը ռեկորդային է՝ գերազանցելով անգամ այս տարվա հունիսյան ցուցանիշը, երբ ՄԱԿ-ը խնդրել էր սիրիացիներին օգնելու համար հատկացնել 4.4 միլիարդ դոլար: Դա, սակայն, բավարարվել էր միայն 60 տոկոսով:

ՄԱԿ-ի տվյալներով՝ Սիրիական հակամարտության հետևանքով ավելի քան 6 միլիոն մարդ Սիրիայում հարկադրված է եղել լքել իրենց տները (ներքին տեղահանվածներ): Եվս 2 միլիոնն ապաստան է գտել հարևան երկրներում: 2014 թվականին հումանիտար օգնության կարիք կարող է ունենալ Սիրիայի բնակչության 3/4-ը:

Ընդգծվում է, որ Սիրիայում դադարներ են տեղի ունենում սննդամթերքի մատակարարումների հարցում, իսկ մի շարք քաղաքներում հացի գինը հակամարտության սկսվելուց հետո աճել է 500 տոկոսով: Ավելի քան 2.5 տարի ընթացող Սիրիական հակամարտության հետևանքով զոհվել է ավելի քան 120.000 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս