Բաժիններ՝

Հարավկովկասյան երկաթուղին աշխատում է բնականոն ռեժիմով

Չնայած ձյան առատ տեղումներին՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն աշխատում է բնականոն ռեժիմով: Ներկա պահին կատարվում են երկաթուղային գծերի մաքրման եւ անխափան երկաթուղային հաղորդակցության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքներ:

ՀԿԵ մամուլի ծառայությունից հայտնում են, թե երեկ ձնամաքրման աշխատանքներ էին տարվում Նուռնուս-Ծովագյուղ, Գյումրի-Անի, Գյումրի-Ղալթախչի, Մայիսյան-Ջաջուռ հատվածներում: Ձնամաքրման աշխատանքներ կատարում էին մոտ 200 երկաթուղային եւ 3 ձնամաքրող մեքենա, որից 2-ը աշխատում էին Գյումրիում, իսկ 1-ը՝ Սեւանում:

Այսօր ձնամաքրման աշխատանքները կշարունակվեն: Մասնավորապես, Գյումրիում եղանակային պայմանների վատթարացման պատճառով՝ տեղում աշխատելու են արդեն 3 ձնամաքրող մեքենա, իսկ Սեւանում աշխատանքը կշարունակի հատուկ տեխնիկայի մեկ միավոր:

Հաշվի առնելով, որ մի շարք ավտոմայրուղիները փակ են՝ ուղեւորա- եւ բեռնափոխադրումների զգալի մասը տեղափոխվել է երկաթուղի: Մասնավորապես, էլեկտրագնացքների լրացուցիչ չվերթներ են նշանակվում բոլոր ուղեւորներին տեղափոխելու նպատակով:

«ՀԿԵ» ՓԲԸ բեռնատար գնացքներն աշխատում են համաձայն գրաֆիկի: Չվացուցակին համապատասխան աշխատում է ինչպես Երեւան-Թբիլիսի-Երեւան միջազգային ուղեւորատար գնացքը, այնպես էլ ներհանրապետական էլեկտրագնացքները:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս