«Ֆուտբոլային դիվանագիտությունը փոխվեց քծնանքի դիվանագիտության». Ավետիք Իշխանյան

Հայաստանի կողմից տարիներ շարունակ տարվող «ֆուտբոլային դիվանագիտությունը փոխվեց քծնանքի դիվանագիտության»,- այս մասին «Վիլնյուսից հետո ծառացած մարտահրավերները և ապագայի թաքնված հնարավորությունները» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

Նա նշեց, որ քծնանքը դիվանագիտություն չի, ապա շեշտեց. «Քծնանքի դեպքում դու արհամարհած վիճակի մեջ ես: Փոքր պետություններն էլ ատամ են ցույց տալիս, բայց առանց ատամ ցույց տալո՞ւ… և ինչի՞ համար՝ Ղարաբաղի՞  համար, Հայաստանի անվտանգությա՞ն համար, իհարկե՝ ոչ, արվում է իշխանությունը պահելու համար, հակառակ դեպքում քծնողական կերպարով չէինք ներկայանա»:

«Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն էլ հիշեցրեց, որ երբ յուրաքանչյուր համապետական ընտրություններից հետո իրենք ԵՄ գործընկերներին հայտնում էին, որ կեղծիքներ են եղել, մի պատասխան էր հնչում՝ բարեփոխումների արդյունքում դրանք կլուծվեն. «Երբ խոսել ենք կեղծիքների մասին, դրսից ասել են, որ գիտեն, որ խնդիրներ կան, սակայն ընտրական բարեփոխումների արդյունքում այդ խնդիրները կլուծվեն»:

Բարսեղյանի որակմամբ` սա «նենգ վերաբերմունք» է, որովհետև եվրոպացիները, ըստ նրա, պիտի տեղյակ լինեին, որ իշխանությունը Հայաստանում հանրության կողմից ընտրված չէ: «Իսկ սեպտեմբերի 3-ին նրանք երեկոյան իմացան, որ անհնար է այսպիսի պաշտոնյաների հետ լուրջ խոսակցություն ունենալ: Պարզապես խաչ քաշվեց այն չորս տարվա աշխատանքի վրա, որ նախքան այդ տարվել էր ԵՄ-ի հետ: Վիլնյուսն էլ այս երեք ամիսների գագաթնակետն էր»,- հավելեց նա, ապա շեշտեց. «Նրանք ցույց տվեցին, որ Հայաստանն այն երկիրն է, որ կարելի է օձիքից բռնել ու ինչ ուզել անել, որ կողմն ուզել՝ տանել»:

Տեսանյութեր

Լրահոս