ՀՅԴ-ն երթ է անում կուտակային համակարգի դեմ
2014 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում բազմաստիճան կենսաթոշակային մի համակարգ, որի մի շարք դրույթներ արդարացի ընդվզում են առաջացրել հասարակության ամենատարբեր շերտերում։ 2014թ. գործարկվող «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի համաձայն, 1974թ. եւ հետո ծնված ՀՀ քաղաքացիները պարտավոր կլինեն կուտակային մասնավոր ֆոնդերին փոխանցել իրենց չհարկված աշխատավարձի 5-ից 10 տոկոսը։ Այդ մաին ասվում է ՀՅԴ Երեւանի կոմիտեի հայտարարության մեջ:
«Ըստ էության, օրենքով պարտադրվող կուտակային վճար գանձելն ու այն մասնավոր կենսաթոշակային հիմնադրամին ուղղելը ոչ իրավաչափ է եւ հակասության մեջ է մտնում Սահմադրության 45-րդ հոդվածի հետ՝ խախտելով Սահմանադրությամբ երաշխաված անձի սեփականության իրավունքը:
Օրենքով նախատեսված պարտադիր կուտակային բաղադրիչը հակասում է նաեւ սոցիալական պետության սահմանադրական համակարգին՝ խաթարելով Սահմանադրությամբ նախատեսված սոցիալական մի շարք իրավունքների պատշաճ իրականացումը: Հիմնավորված չէ նաեւ պետության կողմից ֆոնդերի երաշխավորությունը պետբյուջեի վրա թողնելը։
Քաղաքացիների կողմից կատարված վճարների տնօրինումը օտարերկրյա մասնավոր ընկերություններին հանձնելը մի շարք իրավական, տնտեսական ու սոցիալական խնդիրներ է առաջացնում՝ կապված գումարների երաշխավորելիության, գումարները երկրից դուրս հանելու, ինչպես նաեւ ֆոնդերի կառավարման, դրանց թափանցիկության հետ։
Առաջարկվող մոդելը միջազգային պրակտիկայում լինելով աննախադեպ, ակհայտորեն ռիսկային է եւ ոչ միայն չի ապահովում կենսաթոշակային համակարգի առջեւ ծառացած խնդիրների ամբողջական լուծումը, այլեւ չի երաշխավորում ապագա սերունդների արժանապատիվ կենսաթոշակ ստանալու հնարավորությունը:
Ավաղ, վերոնշյալ եւ մի շարք այլ հիմնախնդիրների շուրջ անդրդվելի եւ անտարբեր մնացին կառավարությունն ու խորհրդարանական կոալիցիան՝ մերժելով անգամ Ազգային ժողովում հարցը քննարկելու եւ օրենքի գործադրումը մեկ տարով հետաձգելու ՀՅԴ, ԲՀԿ, «Ժառանգություն» եւ ՀԱԿ խորհրդարանական խմբակցությունների նախաձեռնությունը։
«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի սահմանադրականությունը խորհրդարանական չորս ուժերը կվիճարկեն Սահմանադրական դատարանում։
ՀՅԴ Երեւանի կոմիտեն՝ կարեւորելով ՀՀ օրենքների սահմանադրականությունը, պաշտպանված եւ երաշխավորված իրավունքներով ու արժանապատիվ ապագայով հասարակություն ունենալու գերխնդիրը, կոչ է անում երեւանցիներին մասնակցելու դեկտեմբերի 17-ին, ժամը 12:-30-ին Ազատության հրապարակում մեկնարկող ընդդեմ կենսաթոշակայինի երթին։
Սիրելի երեւանցիներ, միասին պայքարենք հանուն մեր իրավունքների, հանուն սոցիալական եւ իրավական երկրի»,- ասվում է հայտարարության մեջ։