Կյանքը Վիլնյուսով չի ավարտվում. Հայաստանում Լիտվայի դեսպան
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» կազմակերպության կողմից այսօր կազմակերպված քննարկումը տապալվեց, որովհետև սպասված բանախոս-հյուրերը չներկայացան: «Վիլնյուսից հետո ծառացած մարտահրավերները և ապագայի թաքնված հնարավորությունները» թեմայով քննարկմանը պետք է մասնակցեին ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան և ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը: Ինչպես հայտարարեց «Բաց հասարակության հիմնադրամների» ներկայացուցիչ Լարիսա Մինասյանը, հյուրրեը նախօրոք հաստատել էին իրեն մասնակցությունը, սակայն չէին ներկայացել: Չժամանեց նաև Ժ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը, ով ևս հաստատել էր իր մասնակցությունը:
Քննարկմանը ներկա էր միայն Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պատրիկասը: Լրագրողների հետ զրույցում նա ասաց, թե Հայաստանի` Մաքսային միությանն անդամագրվելու որոշումը իրենք ընկալում են որպես ինքնիշխան երկրի որոշում, ապա ավելացրեց, որ Լիտվան հարգում է այդ որոշումը։ Դեսպանը համոզմունք հայտնեց, որ յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում՝ որ ուղղությամբ ինտեգրվել. «Ուղղակի մենք շատ գոհ ենք, որ ՀՀ նախագահը ներայացավ Վիլնյուսի գագաթաժողովին, խոսեց իր մտադրությունների մասին. դա շատ կարևոր է»: Ըստ նրա՝ Հայաստանը բազմաթիվ ձեռքբերումներ ունի Ասոցացման համաձայնագրի շրջանակում իրականացված բարեփոխումների արդյունքում: «Մենք այդ մասին արդեն հայտարարել ենք, որ շարունակելու ենք բոլոր բարեփոխումները, հատկապես, այն ոլորտներում որտեղ դրանք նախանշված էին: Կյանքը Վիլնյուսով չի ավարտվում. գիտեք, որ Վիլնյուսից հետո Ռիգայի գագաթնաժողովն է լինելու, նրանք են նախագահելու, այդ պատճառով ամեն ինչ միայն շարունակվում է, ոչ թե՝ ավարտվում»,-ասաց դեսպանը, ապա շեշտեց, որ ներկայումս Եվրոպական միությունը փորձում է օգնել Ուկրաինային՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: Հարցին, թե չե՞ք կարծում, որ Վիլնյուսյան գագաթաժողովում Հայաստանի կողմից տորագրված կես էջանոց փաստաթուղը ոչ մի նշանակություն չունի, Էրիկաս Պատրիկասը չհամաձայնեց: