
Ֆրանսահայ համայնքն արդարություն է պահանջում Վարդան Պետրոսյանի նկատմամբ

«Հայկական վերածնունդ. Փարիզ» Ֆրանսիական կազմակերպությունը կոչով դիմել է ֆրանսահայերին` միանալու վթարի ենթարկված դերասան Վարդան Պետրոսյանին սատարելու շարժմանը:
Ինչպես հաղորդում է Ֆրանսիական «Nouvelles d’Arménie» պարբերականը, կազմակերպությունը դերասանին աջակցելու կոչով թռուցիկներ է բաժանել Մոնսերատ Կաբալիեի փարիզյան երեկոյի ընթացքում: Կոչի հեղինակները հիշեցրել են Հայաստանում տեղի ունեցած վթարի մասին` հավելելով, որ այն երկու պատանիների մահվան պատճառ է դարձել, իսկ Վ.Պետրոսյանը լուրջ վնասվածքներ է ստացել:
«Մինչ օրս ոչ մի ապացույց չի ներկայացվել` հիմնավորելու Վ.Պետրոսյանի մեղավորությունը: Ազատազրկումը խախտում է անմեղության կանխավարկածը եւ վտանգի տակ դնում նրա առողջությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:
«Հայկական վերածնունդ. Փարիզ»-ը կոչ է անում ֆրանսահայերին` միանալ ի պաշտպանություն Վ.Պետրոսյանի սկսված ստորագրահավաքին: «Վարդանն իրավունք ունի արդարության եւ մարդու իրավունքի պաշտպանության»,-ասված է հայտարարության մեջ, որով ստորագրահավաքի մասնակիցների անունից կոչ է արվում անհապաղ ազատ արձակել կալանքի տակ գտնվող Վ. Պետրոսյանին: