Բաժիններ՝

Ինչու են վաճառքում մնացել հիմնականում իրանական հավկիթները

Վերջին օրերին «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում տեղական հավկիթները վերացել են և վաճառվում են միայն իրանական արտադրության հավկիթներ՝ 1 հատը 66-67 դրամով: Իսկ խանութի աշխատակիցները ոչ մի կերպ չէին բացատրում, թե ուր են կորել տեղական հավկիթները:

Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը, 168.am-ի հետ զրույցում մեկնաբանելով իրավիճակը, նշեց, որ նախապես արտադրողները հայտարարել էին, որ Ամանորից առաջ պահանջարկն ամբողջությամբ կբավարարեն, բայց տարբեր կազմակերպություններ հարկ են համարել ներկրել:

«Ներկայումս տեղական ընկերություններն օրական 890 հազար հատ հավկիթ են արտադրում և դա պահեստավորել չեն կարող՝ գումարը շրջանառության մեջ է, ամեն օր կեր են գնում և այլն: Բնակչության պահանջարկն օրական 750 հազար հատ է, մենք նախատեսել ենք, որ դեկտեմբերին մոտ 200 հազարով կավելանա, և այդ պահանջարկը մենք ապահովում ենք»,- ասաց Ս.Ստեփանյանը:

Հավկիթ ներկրել են 12 կազմակերպություններ՝ «Լուսակերտ», «Արաքս» թռչնաֆաբրիկա, «Աշտարակ ձու», «Սալպի», «Փյունիկ», «Վիոքսի գրուպ», «Թերո», «Սինգլենիքս Լիմիթեդ», «Արաս ֆուդ», «Էկոֆուդ», «Մանչո գրուպ», «Արամ-Գ», որոնցից միայն առաջին 3-ն են մասնագիտացած ընկերություններ, մյուսները պարզապես «բիզնես են անում»: Ներկրողները հավկիթների ստուգման արդյունքում պարզել են, որ դրանց պահպանման ժամկետը ավարտվել կամ ավարտվում է, փաստի առաջ են կանգնել, այժմ փորձում են էժան գներով իրացնել:

«Մեր արտադրողները մնացորդ չունեն պահեստում: Մնացորդ խանութներում է առաջանում, որ տեղական արտադրանքը պահում են և վաճառքի են հանում ներկրվածը, որը հին է և հարկավոր է արագ իրացնել»,- նշեց Ս.Ստեփանյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս