Կոչ ենք անում այլևս չանդրադառնալ Լևոն Խեչոյանին
Լրատվամիջոցներն ընկան Մովսես Մանուկյանի ծուղակը
Երեկ Գրողների միության Ծաղկաձորի հանգստյան տան տնօրեն Մովսես Մանուկյանի՝ գրող Լևոն Խեչոյանի մասին ահազանգող ֆեյսբուքյան գրառումը ողջ համացանցում խուճապ տարածեց: Հիշեցնենք, որ վերջինս գրել էր. «Ցավոք, Գերմանիայում կյանքի սահմանագծին մաքառող Լևոն Խեչոյանի հետվիրահատական դրությունը օրհասական է: Բժիշկները խորհուրդ են տալիս անկողնային վիճակում Լևոնին տեղափոխել Հայաստան, ինչը ընտանիքի հնարավորությունների սահմաններից դուրս է: Տեղեկության նպատակը իրավիճակի մասին պատկան մարմիններին իրազեկելն է: Գերմանիայում բուժման կազմակերպման գործընթացին որևէ կերպ օժանդակություն չցուցաբերած ՀՀ կառավարությունը, կարծում ենք, հիմա արագ ինչ-որ բան պետք է ձեռնարկի»: Այն որ Լևոն Խեչոյանի մասին նման լուրը կարող էր ցնցել ոչ միայն լրատվամիջոցներին, այլ՝ ՀՀ որևէ քաղաքացու՝ բնավ զարմանալի չէ: Սակայն խնդիրն այն է, որ լրատվամիջոցների` Լ. Խեչոյանի մասին տարածած տեղեկությունները, ֆեյսբուքյան գրառումներն ու մեկնաբանությունները մեծ ցավ են պատճառել նրա ընտանիքին՝ որդիներին, մորը, ովքեր երեկ ամբողջ օրը հայտնվել են հոգեբանական ծանր վիճակում: Բոլորիս է հայտնի, որ Լ. Խեչոյանն ամենաշատը խուսափում է իր անձի շուրջ աղմուկից և դեմ է լրատվամիջոցների թիրախում հայտնվելու իրավիճակից: Անկախ այն հանգամանքից, որ որևէ լրատվամիջոց տվյալ դեպքում՝ փորձեց սրտացավորեն սիրված գրողի մասին տեղեկություն ստանալու համար դիմել հնարավոր ու անհնար բոլոր աղբյուրներին՝ բնական է, սակայն, մենք տեղեկություն ունենք, որ կատարվածը վիրավորել է գրողի հարազատներին, քանի որ ինքը՝ Լ. Խեչոյանը, կտրականապես դեմ է իր անձի շուրջ խոսակցություններին: Այնուամենայնիվ, երեկ լրատվամիջոցները փորձեցին անել ամեն հնարավոր բան՝ Մ. Մովսիսյանի ահազանգող գրառումից անհանգստացած, սակայն ստացվեց այնպես, որ դրանով խախտվեց սիրված գրողի կամքը հարգելու սկզբունքը: Երեկ 168.am-ը նույնպես անդրադարձել է Մ. Մովսիսյանի տարածած տագնապային գրառմանը`բնավ չցանկանալով նրա ընտանիքին ցավ պատճառել: Այսօր տեղեկացանք, որ համացանցային երեկվա խուճապը խորապես ցավ է պատճառել նրա հարազատներին: Այս ամենին անդրադառնում ենք՝ պարզաբանելու համար, որ տեղեկությունը տարածվել է մեկ պատճառով՝ Մ. Մովսիսյանի գրառման միտումը ՀՀ կառավարություն «հասցնելու» նպատակով, և լրատվամիջոցներն անկեղծորեն փորձեցին «ստիպել» համապատասխան կառույցներին արձագանքել: Մեզ համար գոնե անհասկանալի մնաց Լ. Խեչոյանի ընկեր Մ. Մովսիսյանի անզգույշ քայլը, որի «ծուղակն» ընկան լրատվամիջոցները՝ արդյունքում ցավ պատճառելով գրողի ընտանիքին: Վերջինս պետք է ենթադրեր, որ համացանցում նման բովանդակության տեքստը ցնցելու է մարդկանց և մեծ աղմուկ է բարձրացնելու: