Իսրայելի ու Պաղեստինի միջև խաղաղության կնքումը հնարավոր է 2014 թվականի ապրիլին. Ջոն Քերի
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելն ու Պաղեստինը մտադիր են Մերձավոր Արևելքում հասնել խաղաղության ապահովման լիարժեք համաձայնագրի կնքմանը, ինչը պետք է տեղի ունենա մինչև 2014 թվականի ապրիլը: Կողմներն իրենց հավատարմությունն են հայտնել բանակցային գործընթացին:
Այս մասին իր մերձավորարևելյան շրջագայության ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: Նա ընդգծել է, որ կողմերը քննարկում են առանցքային խնդիրներ, որոնք ընկած են եղել երկար տասնամյակներ շարունակվող դիմակայության հիմքում: Քերին կարծում է, որ դա վերջին հաշվով հանգեցնելու է վերջնական համաձայնագրի կնքմանը:
Նշվում է, որ Իսրայելը պաղեստինցի բանտարկյալների հերթական խմբին ազատ կարձակի այս տարեվերջին: Ներկա դրությամբ ազատ է արձակվել 104 բանտարկյալից 52-ը: Իսրայելի կողմից պաղեստինցի բանտարկյալներին ազատ արձակելը դիտարկվում է որպես կողմերի միջև վստահության հաստատման հիմնական միջոց: