Վահրամ Ավանեսյանը 300 միլիոն պարտքի մասին իմացել է 2-3 տարի առաջ
Մինչ իշխող Հանրապետական կուսակցության անդամներ, խմբակցության պատգամավորներ, անգամ որոշ նախարարներ խոստովանում են` նոր են իմանում այն մասին, որ Հայաստանը գազի դիմաց Ռուսաստանին պարտք է 300 մլն դոլար, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը հավաստիացնում է` ինքը գիտեր այդ մասին: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Վահրամ Ավանեսյանը: Մեր հարցից, թե ինչո՞ւ էր հասարակությունից գաղտնի պահվում, որ խոշոր գումար ենք պարտք ՌԴ-ին, նախարարը զարմացավ. «Գաղտնի պահվո՞ւմ… Չէ, ես, ճիշտն ասած, չգիտեմ, որ նոր ենք իմանում դրա մասին»: Մեր ճշտող հարցին, թե գիտեի՞ք, որ 300 մլն դոլարի պարտք ենք կուտակել, Վահրամ Ավանեսյանն այսպես պատասխանեց. «Ես կառավարությունում չեմ եղել, բայց կարծես թե հասկանում էի, որ, եթե գազի գնի վերաբերյալ խոսակցություններ են լինում, սահմանի գինը, բարձրացրած գինը տարբեր է լինում, անպայման պետք է առաջանա պարտք»: Հարցին, թե երբվանի՞ց գիտեք, նախարարը պատասխանեց. «Ուզում եք, որ հիշեմ 2010-11 թվականնե՞րը… ես կառավարությունում չեմ եղել, Ձեզ նման հետևել եմ այդ ամենին: Եվ ընդհանրապես բանակցությունների ընթացքը սովորաբար չի հաղորդվում, եթե արդյունքներ չկան»: