Հյուսիսային Իրաքի քրդերը Բաղդադի կենտրոնական կառավարությունից պահանջում են 388 միլիարդ դոլարի փոխհատուցում
Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ՝ Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավարությունը բարձրացրել է Իրաքի նախկին ղեկավար Սադդամ Հուսեինի կողմից 1980-ական թվականներին սպանված քրդերի հարազատներին Իրաքի կողմից փոխհատուցում վճարելու հարցը:
Ընդհանուր առմամբ, Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունն Իրաքի կենտրոնական կառավարությունից պահանջում է Բաասական վարչակարգի կողմից սպանվածների հարազատներին ու մերձավորներին վճարել 388 միլիարդ դոլարի փոխհատուցում:
Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավարությունը հայտարարել է, որ եթե ներկա դրությամբ Իրաքի կենտրոնական կառավարությունը ներողություն խնդրած լիներ անցյալում պատճառած ցավերի համար, ապա այսօր ավելի լավ վիճակում կլինեին Բաղդադի ու Էրբիլի հարաբերությունները:
Պահանջվող 388 միլիարդ դոլարից 306 միլիարդը բաժին է ընկնում մարդկանց սպանություններին, 32 միլիարդ դոլարը՝ պատճառված նյութական վնասին, 15 միլիարդ դոլարը՝ շրջակա միջավայրին հասցված ուղղակի և անուղղակի վնասին, 30 միլիարդ դոլարը՝ հանցավոր անփութության, 5 միլիարդ դոլարը՝ վերականգնողական ու բարելավման աշխատանքների համար:
Հյուսիսային Իրաքի քրդերն ամեն տարվա ապրիլի 14-ին հարգում են Անֆալի սպանդի զոհերի հիշատակը: Այն իրականացվել է 1986-1989 թվականներին, երբ Իրաքի նախագահ Սադդամ Հուսեինի հրամանով ձեռնարկված գործողությունների հետևանքով սպանվել է մոտ 150.000 մարդ:
1980-1988 թվականների Իրանա-իրաքյան պատերազմի ժամանակ իրականացված այդ սպանդի ժամանակ Սադդամ Հուսեինի զորքերը քիմիական զենք են կիրառել քրդերի նկատմամբ, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 5000 մարդ, ևս 7000-ը վիրավորվել է: