Փաստաբանների պալատի նախագահը՝ ՄԻՊ զեկույցի մասին
Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի այն մասը, որը նվիրված է դատարաններում կոռուպցիոն մեխանիզմներին և կաշառքի չափերին, իրավական տեսանկյունից հիմնավորված չէ: Արձագանքելով Կարեն Անդրեասյանի՝ արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ արտահերթ զեկույցին՝ ասել է Փաստաբանների պալատաի նախագահ Արա Զոհրաբյանը:
«ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի «Արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ» արտահերթ զեկույցը պայմանականորեն կարելի է բաժանել երկու մասի։
Առաջին մասը նվիրվել է դատական համակարգում առկա կոռուպցիոն մեխանիզմներին և կաշառքի սակագներին։ Այս հատվածը իրավական տեսանկյունից հիմնավորված չէ, քանի որ հրապարակման մեջ խոսքը գնում է քրեականացված արարքների մասին, ինչպիսիք են կաշառք տալը, կաշառք ստանալը և կաշառքի միջնորդությունը՝ առանց կոնկրետ փաստերի և կոնկրետ սուբյեկտների վկայակոչման։ Մինչդեռ անանուն աղբյուրներից ստացված հանցավոր արարքների մասին այսպիսի տեղեկություններ հրապարակելը պաշտոնատար անձի կողմից ոչ միայն արդյունավետ չէ, այլ նաև հասարակության մոտ խորացնում է հիասթափությունը արդարադատության համակարգի նկատմամբ։
Երկրորդ մասը նվիրվել է արդարադատության խորհրդի և վճռաբեկ դատարանի կողմից թույլ տրված խախտումներին և երկակի ստանդարտներին։ Այստեղ իրավական տեսանկյունից ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է կոնկրետ փաստեր և կոնկրետ վերլուծություն, որը պետք է համապատասխան ազդանշան հանդիսանա Հայաստանի Հանրապետության իշխանության երեք ճյուղերի համար։ Հատկանշական է, որ այս էական մասը հանրային լայն քննարկման առարկա չի դարձվում։
Ինչ վերաբերում է զեկույցում կոռուպցիայի մասով որպես անանուն աղբյուր հիշատակված փաստաբաններին, որոնք անուղղակիորեն հասարակության կողմից կարող են ընկալվել, որպես միջնորդներ, ապա տեղեկացնում ենք, որ ՀՀ փաստաբանների պալատը պայքար է հայտարարել միջնորդ փաստաբանների դեմ և շնորհակալ կլինի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանից կամ որևէ այլ անհատից, եթե օգնեն բացահայտել և փաստաբանական համայնքի շարքերից հեռացնել այդպիսի փաստաբանների»,- ասված է փաստաբանների պալատի լրատվական ծառայության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ մարդու իրավուքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրապարակեց արտահերթ զեկույց արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ: Իր զեկույցում Կարեն Անդրեասյանն անդրադարձել է հայաստանյան դատական համակարգում կոռուպցիոն մեխանիզմներին, հրապարակել հարցումների արդյունքում պարված կաշառքի գների չափը: «Ընդհանուր առմամբ հարցվածների մեծ մասի պնդմամբ կաշառքի սակա•ները տատանվում են հետևյալ միջակայքերում. առաջին ատյանում՝ 500-10.000 դոլար, վերաքննիչ դատարանում՝ 2.000-15.000 դոլար, վճռաբեկ դատարանում՝ 10.000-50.000 դոլար»- իր զեկույցում նշել է Կ. Անդրեասյանը: Նա խոսել է նաև արդարադատության խորհրդի կողմից երկակի ստանդարտների կիրառման մասին, արձանագրել խախտումների և երկակի ստանդարտների կիրառման դեպքեր վճռաբեկ դատարանում:



