«Սա բացառիկ հնարավորություն է՝ հաղթահարելու ծուղակը, որում մենք հայտնվել ենք». Տ. Սարգսյանը՝ կուտակային համակարգի մասին

«Մի քանի օրից ՀՀ-ում ներդրվում է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգ, որին մենք նախապատրաստվել ենք տասը տարի»,- ԱԺ ամբիոնից 2014թ. պետական բյուջեի ամփոփման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Վերջինս հավելեց, որ համակարգի վրա աշխատել են ՀՀ երկու նախագահներ, երեք վարչապետներ, չորս կոալիցիոն կուսակցություններ, տասնյակ մասնագետներ, միջազգային կազմակերպություններ ու աշխարհի լավագույն փորձագետներ: «Այս տասը տարիների ընթացքում տեղի են ունեցել բազմաթիվ ֆորմատներով քննարկումներ, երկու նիստ ՀՀ նախագահի մոտ, որին մասնակցում էին կոալիցիոն գործընկերներն ու մասնագետներ, որոնք ունեին քննադատական մոտեցումներ հարցի շուրջ»,- ասաց Տիգրան Սարգսյանը՝ ավելացնելով, որ ինքն անձամբ տասնյակ սեմինարներ է անցկացրել՝ ներկայացնելու այս հայեցակարգը, մեխանիզմները, որոնք ընդունվել են դեռևս 2010 թվականին: Նա նկատեց, որ տրված էր բավական ժամանակահատված, որ մասնավոր հատվածը ևս նախապատրաստվի համակարգի ներդրմանը, պետությունն էլ փորձարկի այն ենթակառուցվածքները, որոնք նախապատրաստվել են: Տ. Սարգսյանը շեշտեց, որ կենսաթոշակային բարեփոխումները աշխարհում բարդագույնն են համարվում, ապա ասաց. «Այս բարեփոխումը մեր անկախ պետականության տարիների ամենաբարդ ռեֆորմներից է, որովհետև այս ռեֆորմն առնչվում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացուն, տնտեսական համակարգի բոլոր ոլորտներին»: Վարչապետի խոսքով՝ ՀՀ-ում կա շուրջ 510 հազար թոշակառու և 2014-ի բյուջեով նախատեսվում է, որ միջին թոշակը ՀՀ-ում կավելանա 15%-ով՝ 31 հազարից հասնելով 36 հազար դրամի: «Բայց մենք՝ Ձեզ հետ միասին, քաջ գիտացում ենք, որ այս թոշակի մակարդակը բավարար չէ արժանապատիվ ծերություն ապահովելու համար»,- նշեց նա՝ հավելելով, որ բազային կենսաթոշակն ավելացնելու համար պահանջվում է 270 մլրդ լրացուցիչ ֆինանսավորում, որը մեծ բեռ է: «ՀՀ-ում այսօր գործում է սերունդների համերաշխության սկզբունքը, և մենք պետք է ապահովենք ծերացող բնակչության արժանավայել կենսաթոշակները: Հնարավո՞ր է այս խնդիր լուծել՝ այո, հնարավոր է, եթե մենք շեշտակիորեն ավելացնենք սոցիալական հարկերը ՀՀ-ում, կամ, եթե փոխենք կենսաթոշակի անցնելու տարիքը: Մեզ համար այս խնդիրը ցավոտ է՝ հաշվի առնելով այն, որ մենք ունենք ծերացող հասարակություն»,- շարունակեց նա: Ըստ նրա՝ դարի մարտահրավերներից մեկը կենսաթոշակային ճգնաժամն է, որն առաջին հերթին՝ ծանրանում է այն երկրների վրա, որտեղ բնակչության ծերացման միտումներ կան: Վերջում Տ. Սարգսյանը նշեց նաև, որ ներդրվող համակարգն «արդար» է: «Մենք համոզված ենք, որ կենսաթոշակային բարեփոխումը, որը ներկայացնում ենք ձեր դատին, այլընտրանք չունի, որովհետև մենք՝ ձեզ հետ միասին, անցնում ենք ավելի արդար համակարգի»,- շեշտեց նա:

Ըստ նրա՝ համակարգն արդար է, որովհետև հաշվի է առնում սեփական վաստակը, որովհետև ստեղծում է խթաններ՝ ապահով ծերության համար կուտակելու նպատակով: «Նրանք, ովքեր չեն կիսում մեր համոզմունքը, կայանում է հետևյալում. մենք հայտարարում ենք՝ ապահով ծերության համար պատասխանատու է ոչ միայն պետությունը, այլև՝ աշխատող քաղաքացին: Լրացուցիչ խթան ստեղծելու համար մենք հատկացրել ենք 20 մլրդ դրամ, և քաղաքացիներն առաջին վճարումները պետք է իրականացնեն մինչև փետրվարի 20-ը: Պետությունը ստանձնում է պարտավորություն՝ ավելացնել հինգ տոկոսով, կրկնապատկել: Կուտակված միջոցները խթանելու են ՀՀ տնտեսական զարգացումը: Սա բացառիկ հնարավորություն է՝ հաղթահարելու ծուղակը, որում մենք հայտնվել ենք: Միևնույն ժամանակ, մենք քաջ գիտակցում ենք, որ կա մեծ հատված, որը դժգոհ է համակարգից, քանի որ այն որոշակի բարդություններ ու դժվարություններ է ստեղծելու մեր քաղաքացիների համար: Որովհետև ցանկացած ռեֆորմ ենթադրում է վարքագծային փոփոխություն, իսկ դրանք հեշտ չեն մեզ տրվում»,- ասաց նա: Նա հիշեցրեց պարտադիր ապահովագրության ռեֆորմն ու ասաց, որ դրա շուրջ էլ քննադատություններ կային, բայց այսօր 70 տոկոսը գոհ է համակարգից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031