Տիգրան Սարգսյանն ամփոփեց բյուջետային քննարկումները
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ԱԺ ամբիոնից ամփոփեց 2014 թվականի պետական բյուջեի քննարկումները: Նա նախ շնորհակալություն հայտնեց պատգամավորներին՝ իրենց հարցեր ուղղելու համար, ապա նշեց, որ դրա արդյունքում իրենք հնարավորություն ունեին պարզաբանումներ ներկայացնել, առաջարկներ ընդունել: Վարչապետի խոսքով՝ առաջարկությունների 27 տոկոսն են համարվել մերժված: 2014 թ.-ի առանձնահատկությունը, Տիգրան Սարգսյանի խոսքով, այն է, որ Հայաստանը ձեռնամուխ է եղել միանալու Մաքսային միությանը: «Սա նշանակում է, որ մեզ սպասվում է մեծամածավալ աշխատանք՝ օրենսդրական փոփոխություններ, արդյունաբերական քաղաքականության ճշգրտում»,- նշեց նա՝ ավելացնելով, որ արդյունաբերական քաղաքականությունը, որը ներդրվում է, տալիս է շոշափելի արդյունքներ: «ՄՄ-ին անդամակցելով՝ մենք ձեռք ենք բերելու հարաբերական առավելություններ թեթև արդյունաբերության ոլորտում, և ուզում եմ տեղյակ պահել, որ կառավարությունը հավանության է արժանացրել տեքստիլ արդյունաբերության ծրագիրը… Մենք ՄՄ տարածքներում կարող ենք վերականգնել արտահանման նախկինում եղած մեծ ցուցանիշները»,- հավելեց նա: Վարչապետը նշեց նաև, որ հաջորդ առաջնահերոթւոյւնը բիզնես միջավայրի բարելավումն է, որտեղ վերջին տարիներին առաջընթաց է գրանցվել: Տ. Սարգսյանը ընդգծեց, որ Համաշխարհային բանկի վարկանիշով՝ Հայաստանը 188 երկրների շարքում զբաղեցնում է 37-րդ տեղը, բայց նշեց, որ դա իրենց չի բավարարում. «Այստեղ մենք անելիքներ ունենք»,- նշեց նա:



