Իրանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունելու են հռչակագիր
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարներն իրենց հերթական եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունելու են հռչակագիր, որը պատրաստելու է երեք երկրների ներկայացուցիչներից բաղկացած աշխատանքային խումբը:
Այս մասին հայտարարել է Թուրքիայում Իրանի դեսպան Ալիռզա Բիկդելին: Վերջինիս խոսքերով՝ արդեն իսկ ստեղծվել է աշխատանքային երեք խումբ, որոնք նիստ կանցկացնեն նախքան արտգործնախարարների հանդիպումը: Դեսպանն ընդգծել է, որ երեք երկրների արտգործնախարարները դեկտեմբերի վերջին հանդիպելու են Թուրքիայում՝ սևծովյան Գյումուշհանեում:
Դեսպանը հավելել է, որ մինչ այդ Իրանի ու Թուրքիայի արտգործնախարարներ Մոհամմադ Ջավադ Զարիֆը և Ահմեթ Դավութօղլուն միմյանց հետ կհանդիպեն դեկտեմբերի 19-ին Պակիստանում կայանալիք D-8-ի (իսլամական ութնյակ) նիստի շրջանակներում:



