«Բյուջեն ամբողջապես հիմնված է բլեֆի, կեղծիքի, ստի ու ապատեղեկատվության վրա». Նաիրա Զոհրաբյան
«Այս բյուջեն ՀՀ քաղաքացու համար չի կարող ապահովել բարեկեցիկ ապրելակերպ գոնե նվազագույն եղանակով, այս բյուջեն ամբողջապես հիմնված է բլեֆի, կեղծիքի, ստի ու ապատեղեկատվության վրա»,- ԱԺ ամբիոնից բյուջեի ամփոփիչ ելույթների ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Նա նշեց, թե իրենց պայքարն անհատների դեմ չէ, և նրանց, ովքեր այդպես են կարծում, հորդորեց չգերագնահատել սեփական նշանակությունը: «Մենք անհատների հետ խնդիր չունենք, թող որևէ անհատ իրեն չգերագնահատի, թե մենք իրենց դեմ անձնական պայքար ենք մղում: Մի գերագնահատեք ձեր անձն ու ձեր նշանակությունը Հայաստանի պատմության մեջ: Մեր պայքարը ոչ թե անհատների դեմ է կամ պաշտոնների համար, այլ մենք ունենք հստակ մշակված տնտեսական-քաղաքական ծրագիր, որի իրականացումը հնարավորություն կտար տնտեսական անկումը, արտագաղթը, գործազրկությունը հաղթահարել»,- ասաց նա: ԲՀԿ խմբակցության քարտուղարը խոստովանեց, որ 2014թ. պետական բյուջեի հարցում խմբակցությունում երկու տեսակետ կար: «Քվեարկության վերաբերյալ կար երկու մոտեցում` մեր որոշ գործընկերներ այն կարծիքին էին, որ դիրքորոշում արտահայտելուց հետո պետք է բոյկոտել, լքել Նիստերի դահլիճը և չմասնակցել քվեարկությանը, բայց քանի որ անառողջ կենտրոններից փորձում էին շրջանառության մեջ դնել ապատեղեկատվություն, թե այս կամ այն պաշտոնների դիմաց ԲՀԿ-ն պատրաստվում է մաս կազմել իշխող քաղաքական կոալիցիայի, դա հերթական ապատեղեկատվությունն է, ԲՀԿ-ի օրակարգում կոալիցիայի մաս կազմելու խնդիր չկա»,- ասաց Զոհրաբյանը` հավելելով, որ բոյկոտելը քաղաքակիրթ երկրներում չի նշանակում, որ խուսափում են կոնկրետ դիրքորոշում արտահայտելուց: Զոհրաբյանը շեշտեց, որ ամբողջ խմբակցությունը դեմ է քվեարկելու. «ԲՀԿ-ն միաձայն դեմ է քվեարկելու ներկայացած փաստաթղթին, փաստաթուղթն անվստահելի է, այն ներկայացրել է հանրության մոտ վստահության զրո ռեսուրս ունեցող Կառավարությունը»: