Նախարարության աշխատակազմի նախկին ղեկավարը պահանջում է իրեն վերականգնել իր աշխատանքում
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Վահե Էլոյանն ընդդեմ ՀՀ կառավարության հայցի քննությունը: Վահե Էլոյանը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի նախկին ղեկավարն է: Նա պահանջում է իրեն վերականգնել իր աշխատանքում և հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի գումարը: ՀՀ կառավարության որոշմամբ՝ 2013-ի հունիսի 6-ին Վահե Էլոյանն ազատվել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից` այլ պաշտոնի անցնելու պատճառով: Հունիսի 5-ին սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը որոշում է ստորագրել՝ Վահե Էլոյանին նախարարի օգնականի պաշտոնում նշանակելու մասին: Հետագայում Վահե Էլոյանին հեռացրել են նախարարի օգնականի պաշտոնից, քանի որ վերջինս չի ներկայացել աշխատանքի: Վ. Էլոյանը, սակայն, պնդում է, որ ինքն այդ պաշտոնում նշանակվելու համար համաձայնություն չի տվել: Բացի այդ՝ նա նշում է, որ իրեն նախարարի օգնականի պաշտոնում նշանակելու որոշումը ստացել է բավական ուշ:
Նախորդ դատական նիստի ընթացքում Կառավարության ներկայացուցիչ Ռաշիդ Գալստյանը միջնորդել էր դատարան հրավիրել Յուրի Վարդանյանի օգնական Կարապետ Օհանյանին: Նա նշել էր, որ Կարապետ Օհանյանը կվկայի այն մասին, որ Վահե Էլոյանն ու սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը համաձայնության են եկել: Վահե Էլոյանի ներկայացուցիչ Արամ Նազանյանն առարկեց այդ միջնորդության դեմ: Նա վկայակոչեց ՀՀ սահմանադրական դատարանի կողմից ընդունված որոշումներից մեկը: Արգամ Նազանյանը նշեց նաև, որ Կարապետ Օհանյանը Սպորտի և երիտասարդության նախարարությունում աշխատանքի է անցել 2013-ի օգոստոսին, իսկ Վահե Էլոյանին սպորտի և երիտասարդության նախարարի օգնականի պաշտոնում նշանակելու հրաման եղել է հունիսի 5-ին: «Վահե Էլոյանը նշված վկային չի ճանաչում, նման խոսակցություններ՝ համաձայնության կամ չհամաձայնության հետ կապված, նրա ներկայությամբ որևէ խոսակցություն չի եղել: Եվ նույնիսկ մեզ համար անհասկանալի է, թե ինչպես է նա պատրաստվում ինչ-որ վկայություն տալ»,- ասաց Վ. Էլոյանի ներկայացուցիչը: Ռաշիդ Գալստյանն ասաց, որ վկա Կարապետ Օհանյանը սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում աշխատանքի է անցել հունիս ամսից հետո, սակայն ներկա է եղել Յուրի Վարդանյանի և Վահե Էլոյանի այն խոսակցությանը, երբ նրանք համաձայնության են եկել, որ Վ. Էլոյանն աշխատանքի անցնի Յուրի Վարդանյանի օգնականի պաշտոնում: Կառավարության ներկայացուցիչն ասաց, որ կողմերն իրոք ձեռք են բերել համաձայնություն, պայմանավորվածություն եղել է մի քանի անգամ: Դատավոր Գայանե Կարախանյանը մերժեց միջնորդությունը:
Դատական նիստի ընթացքում Վահե Էլոյանն ասաց, որ կառավարության կայքից հունիսի 6-ին է իմացել այն մասին, որ իրեն Սպորտի և երիտասարդության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատելու հարցն ընդգրկված է կառավարության նիստերի օրակարգում, այնուհետև տեղեկացել է, որ կառավարությունը որոշում է ընդունել իրեն աշխատանքից ազատելու մասին: Մի քանի օր հանձնել է իր աշխատասենյակը, ապա նաև իրեն տրամադրված ավտոմեքենան: Կառավարության ներկայացուցիչ Ռաշիդ Գալստյանն էլ ասաց, որ Վ. Էլոյանին աշխատանքից ազատելու հարցը կառավարության նիստերի օրակարգում ընդգրկվել է վարչապետի որոշմամբ, և Վ. Էլոյանն առավոտյան չէր կարող կառավարության կայքից տեղեկություն ստանալ, որ հարցն ընդգրկված է կառավարության նիստի օրակարգում: Ռաշիդ Գալստյանն ասաց, որ Վ. Էլոյանի հայցն անհիմն է և ենթակա է մերժման:
Գայանե Կարախանյանը հետաքրքրվեց՝ ինչպե՞ս Վ. Էլոյանը կմեկնաբանի այն հանգամանքը, որ կառավարության որոշումից հետո այլևս աշխատանքի չի ներկայացել, համակերպվե՞լ է դրա հետ: «Ես չեմ համակերպվել, հարգելի դատարան: Ես չեմ համակերպվել այն մտքի հետ, որ պետք է չաշխատեմ: Որ համակերպվեի, հայցը չէր լինի ներկայիս քննարկվող առարկան: Ուղղակի հիմք եմ ընդունել կառավարության որոշումը: Քանի որ կառավարությունը որոշում է կայացրել, որ ի պաշտոնե պետք է ես այդ պաշտոնը չստանձնեմ, ես դրա հիման վրա չեմ խոչընդոտել կառավարության որոշման իրականացմանը»,- ի պատասխան՝ ասաց Վահե Էլոյանը:
Դատական հաջորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերի 24-ին: