Կառավարությունը թքած ունի այստեղ քննարկված փաստաթղթի վրա. Լևոն Զուրաբյան
ԱԺ ՀԱԿ խմբակցությունը դեմ է քվեարկելու 2014թ. պետական բյուջեի օրինագծին: Աժ ամբիոնից խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասաց, թե իրենք առիթ ունեցել են բացատրելու, թե ինչու են դեմ քվեարկելու պետբյուջեին, ամեն դեպքում հիշեցրեց «համակարգված կոռուպցիայի, պետական եկամուտների, ծախսերի թալանի, պետական անվճարունակության, խաբեության բյուջեին» դեմ քվեարկելու պատճառները:
Նա բերեց երեք պատճառ, որոնք բյուջեի քննարկումների ժամանակ ՀԱԿ-ը բազմիցս հնչեցրել է, ապա շեշտեց. «Իբր այս երեք պատճառները քիչ էին, առաջին ընթերցմամբ քննարկման ավարտից հետո պայթեց մի նոր սենսացիոն բում, որը ցույց տվեց, որ ի դեմս այս կառավարության՝ մենք գործ ունենք խարդախ ու արկածախնդիր խմբակի հետ: Խոսքը վերջերս բացահայտված գազային ավանտյուրայի մասին է: Պարզվում է, որ ՀՀ կառավարությունը վերջին երկու տարում կուտակել է 300 միլիոն դոլարի պարտք՝ կապված ռուսական գազի մատակարարման հետ, առանց դրա մասին տեղյակ պահելու հանրությանը, ԱԺ-ին: Փաստորեն, ՀՀ կառավարությունն իր վրա վերցրել է ծախսեր, որոնք նախատեսված չեն եղել պետբյուջեի օրենքով՝ ոչ 2011, 2012, 2013 թվականներին: Բացի այդ, կուտակվել է արտաքին պարտք, որը նույնպես որևէ օրինական ձևակերպում չունի, ինչը, բացի իրավական հետևանքներից, ավելի է ծանրացնում պետական պարտքի՝ օրենքով սահմանված լիմիտի հարցը»,- հայտարարեց նա՝ հավելելով, որ կընթերցի 2013 թվականի մայիսի 14-ին ստորագրված Տիգրան Սարգսյանի նամակը Հանրային ծառայությունները կարգավորող անձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին, որտեղ ասված է, որ ՀՀ-ում բնական գազի սակագների վերանայման ժամանակ առաջարկվում է 270 ԱՄՆ դոլար գինը փոխել 30 տոկոսով ցածր գնի: «Նշված տարբերությունը կփոխհատուցվի Կառավարության կողմից, որի մեխանիզմները քննարկվում են ՌԴ կառավարության ու «ՀայՌուսգազարդ» ընկերության հետ»,- գրված է փաստաթղթում: Ըստ Զուրաբյանի՝ նամակից հասկանում ենք, որ կառավարությունը, շրջանցելով բյուջեի մասին օրենքը, ստանձնել է լրացուցիչ ծախսեր կատարելու պարտավորություն: «Սա նշանակում է մեկ բան՝ այս կառավարության կողմից բերված պետական բյուջեի մասին որևէ փաստաթուղթ քննարկելը բացարձակ անիմաստ գործ է: Որովհետև կառավարությունը թքած ունի այստեղ քննարկված փաստաթղթի վրա: Բա էլ ինչո՞ւ ենք այստեղ հավաքվել, ինչո՞ւ ենք լուրջ դեմքով, ամիսներ, ժամեր շարունակ չարչարվում պետական բյուջեի մասին օրենքի տողերի վրա, ինչո՞ւ ենք ջանք ու եռանդ ծախսում՝ ուսումնասիրելով այս հաստափոր օրենքը, որն անգամ դժվար է տեղափոխել ԱԺ դահլիճից աշխատասենյակներ: Ինչի՞ համար է այս ողջ ներկայացումը»,- ընդգծեց նա, ապա ասաց, որ, ինչպես պարզվում է, միևնույն է, կառավարությունն իրեն իրավունք է վերապահում գրչի մեկ հարվածով կատարել բյուջեի հինգ տոկոսին հասնող ծախս: «Էլ չենք խոսում կատարված հանցագործության իրական մոտիվների մասին: Իրականում ողջ այս հանցավոր գործարքը կատարվել է մեկ նպատակով՝ 2012-13 թթ. խորհրդարանական, նախագահական, ՏԻՄ ընտրությունների ցիկլում՝ ապահովելու իշխող կուսակցության հաղթանակը: Միայն այս հրեշավոր հանցագործության փաստը բավարար կլիներ, որ կեղծված համարվեին ընտրությունները, որովհետև դրանք արվել են ժողովրդի թիկունքում: Իսկ հիմա մեր առաջ դրել են բյուջեն, որին հավանություն տալն ու նրա օգտին քվեարկելը հրապարակված սենսացիոն փաստերից հետո հավասարազոր է կատարված հանցագործության պարտակման: Քվեարկելով կողմ՝ դուք մեղսակից եք դառնում ՀՀ ժողովրդի դեմ կատարված այս զազրելի հանցագործությանը»: Վերջում Լևոն Զուրաբյանը երկու առաջարկ ներկայացրեց, մեկը՝ խորհրդարանին, մյուսը՝ կառավարությանը: «Նախ առաջարկում եմ՝ քվեարկեք դեմ, որ մեղսակից չդառնաք հանցագործության կատարմանն ու պարտակմանը: Իսկ կառավարությանը առաջարկում ենք՝ քանի որ կառավարությունը հանրության անունից կատարել է մի ծախս, որի համար չի ունեցել որևէ օրինական հիմք, չի ստացել խորհրդարանի համաձայնությունը, այդ գումարը վճարել օֆշորային սխեմաների միջոցով, վարչապետի անձնական հաշիվներում կուտակված, ինչպես նաև՝ կառավարության մյուս 18 անդամների անձնական միջոցների հաշվին: Հաշվի առնելով պետական միջոցների թալանի ապացուցված ծավալը, չենք կարծում, որ սա խնդիր է մեր փառապանծ կառավարության համար»: