
Ես դիմում եմ յուրաքանչյուր ուկրաինացու. ոտքի՛ ելեք. Տիմոշենկո

ZN.UA-ի փոխանցմամբ՝ ազատազրկման մեջ գտնվող Ուկրաինայի նախկին վարչապետ, «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն դիմել է Ուկրաինայի ժողովրդին՝ կոչ անելով չհաշտվել իշխանությունների կողմից բռնությունների դրսևորումների հետ:
Տիմոշենկոն վստահություն է հայտնել, որ ընդդիմությունը պետք է պահանջի Յանուկովիչի հրաժարականը: Տիմոշենկոն միջազգային հանրությանը կոչ է արել ֆինանսական ու վիզային պատժամիջոցներ սահմանել գործող իշխանությունների նկատմամբ.
«Մայդանի խաղաղ մարդկանց վրա «Բերկուտի» (հատուկջոկատայինի) մահակի յուրաքանչյուր հարվածը հանդիսանում է մահակի հարված ողջ ուկրաինական ժողովրդի դեմքին: Յանուկովիչին թույլ մի՛ տվեք, որ բռնությունը դարձնի ձեր կյանքի նորմ: Ես դիմում եմ յուրաքանչյուր ուկրաինացու. ոտքի՛ ելեք»:
Տիմոշենկոն վերստին ընդդիմությանը կոչ է արել հրաժարվել գործող իշխանությունների հետ ամեն տիպի բանակցություններ անցկացնելուց. «Ո՛չ մի բանակցություն բանդայի հետ, ո՛չ մի «կլոր սեղան» նրանց հետ: Միայն Յանուկովիչ ու նրա շրջապատի անհապաղ հրաժարականը»: