Բաժիններ՝

Հայաստանում գիտության և տեխնիկայի թանգարանն ունի 500-ից ավելի ցուցանմուշ

Գիտության և տեխնիկայի թանգարանը Հայաստանում ստեղծվել է 2008թ., սակայն այս թանգարանը մինչ օրս հիմնական տարածք չունի: Այդուամենայնիվ, այս տարիների ընթացքում թանգարանի համար տարբեր ցուցանմուշներ են հավաքվում, և հիմնականում` թանգարանի հիմնադիր-տնօրեն Ժիրայր Սևոյանի ջանքերով: Վերջինս 168.am-ի հետ զրույցում նշեց, որ մինչ օրս թանգարանում հավաքվել է մոտ 500 ցուցանմուշ:

«Շատերը թանգարանի մասին տեղեկանալով՝ ոգևորվում են ու խոստանում, որ տանը բազմաթիվ նյութեր և տարբեր հին սարքավորումներ ունեն, որոնք կտրամադրեն, սակայն հետագայում այդպես էլ չեն նվիրում դրանք»,- ասաց Ժ. Սևոյանը` նշելով, որ անգամ Վերնիսաժում, երբ հանդիպում է նման նյութերի, իրեն ասում են` դրանք ձեռք բերող չկա, եթե լինի, 100 դրամով էլ կվաճառեն, իսկ երբ ինքը ցանկանում է գնել դրանք, բավական մեծ գումարներ են պահանջում: «Ասում են` եթե ուզում ես, ուրեմն մի օգուտ ունես, ուրեմն դա թանկ բան է»,- ասաց Ժ. Սևոյանը: Նա նշեց, սակայն, որ իրենց նպատակն է՝ հավաքել և հանրությանը ներկայացնել Հայաստանի և օտարերկրյա հայազգի գիտնականների ու գյուտարարների հայտնագործությունները, գյուտերն ու գիտատեխնիկական նվաճումները, և այդպիսով՝ երիտասարդների և պատանիների մեջ սերմանել սեր դեպի գիտությունը և տեխնիկան:

Ժ.Սևոյանի խոսքով, թանգարանում հավաքված շուրջ 500 ցուցանմուշների մեջ կան գիտատեխնիկական սարքեր և սարքավորումներ, ինչպես նաև տարբեր առարկաներ, որոնք արտադրվել են Հայաստանում։ Բացի այդ, կան նաև բազմաթիվ լուսանկարներ, որոնք խոսում են Հայաստանի արդյունաբերական պատմության մասին:

«Առանց պատմության գիտությունը գոյություն ունենալ չի կարող: Մեր թանգարանը կոչված է Հայաստանի արդյունաբերական պատմությունը ոչնչացումից փրկելուն»,- ասաց Ժ. Սևոյանը` կոչ անելով նման նյութեր և սարքավորումներ ունենալու դեպքում անպայման նվիրել թանգարանին, որոնք թանգարանի բացվելուն պես կցուցադրվեն տեղեկատվական վահանակում:

Ի դեպ, նրա հավաստմամբ՝ 2014 թվականին թանգարանի շենքի հարցը լուծում կգտնի, ինչի մասին, սակայն, նախընտրեց լռել: «Մանրամասների մասին կասեմ անպայման, սակայն, երբ թանգարանն ունենա իր շենքը և տեղափոխվի այնտեղ»,- ասաց Ժ.Սևոյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս