Ինքնասպանությունից առաջ զինծառայողը զանգել էր հորը. Չինարիում բոլորը շոկի մեջ են (լուսանկար)
Ինչպես տեղեկացրել էինք` Հայաստանի ՊՆ N զորամասում մահացած զինծառայող, շարքային Վանիչկա Արամայիսի Հովակիմյանը դեկտեմբերի 10-ի երեկոյան զանգել է հորն ու ասել, որ իրեն այլևս չեն տեսնելու ու անջատել է հեռախոսը:
Չինարիում խոսում են, որ հայրն արագ հետ է զանգել, սակայն որդին արդեն մահացած է եղել:
Այս մասին NEWS.am-ին հայտնել է Վանիչկայի դասղեկ Լիանա Խաչատրյանը:
«Վանիչկան երեկոյան ժամը 6-ին զանգել է մորը, հարցրել` ոնց են, որից հետո խնդրել է, որ լավ լինեն: Դրանից հետո խոսել է հոր հետ ու ասել ինքնասպանության մասին: Արամայիսը հետ է զանգել, բայց արդեն ուշ է եղել. Վանիչկան մահացած էր: Գյուղում բոլորս շոկի մեջ ենք»,- ասել է տիկին Խաչատրյանը։
1994թ. ծնված Վանիչկան դասարանի լավագույն սովորողն է եղել, մասնակցել է օլիմպիադաների նույնիսկ մարզային մակարդակով.
«Դասարանում 15 տղա են եղել, բոլորն էլ Վանիչկային ուրիշ ձև են սիրել: Հենց մի բան լինում էր, ասում էին` Վանիչկան մեզ կօգնի, կանենք»,- կայքի հետ զրույցում պատմել է դասղեկը:
Տիկին Խաչատրյանի տպավորվել են Վանիչկայի շարադրությունները. «Ռոմանտիկ երեխա էր, էնպիսի շարադրություններ էր գրում, որ զարմանում էիր. գրում էր մենակության, կարոտի մասին»:
Վանիչկան տան մեծ երեխան էր. քույրն այս տարի ընդունվել է համալսարան, սակայն ուսման վարձը չվճարելու պատճառով դուրս է մնացել, իսկ եղբայրը դպրոցական է։ Ծնողները զբաղվում են հողագործությամբ:
Մանրամասները այստեղ`