
Ցուցարարները սկսել են վերականգնել բարիկադները Կիևի կենտրոնական հրապարակում (լուսանկարներ)

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Եվրամայդանի» ավելի քան տասնյակ հազարավոր մասնակիցներ Կիևի կենտրոնական հրապարակում ձեռնամուխ են եղել բարիկադների վերականգնմանը, որոնց մի քանի ժամ առաջ ավերել են ՆԳՆ-ի հատուկջոկատայինները:
Ցուցարարներն ընդգծել են, որ պատրաստ են շարունակ կառուցել նոր բարիկադներ՝ հայտարարելով, որ այսօր իրենք հաղթել են՝ հետ մղելով հատուկջոկատայինների գրոհը և մտադիր են նրանց դիմակայել մինչև վերջ: Փայտյա բարիկադների վրա վերստին հայտնվել են ցուցարարների կարգախոսները այն քաղաքների անունները, որոնք աջակցում են «Եվրամայդանի» պահանջներին:
Երեկ Կիև ժամանած ԱՄՆ փոխպետքարտուղար Վիկտորյա Նուլանդն այսօր առավոտյան հայտնվել է Անկախության մայդանում, ինչը տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ հատուկջոկատայիններն ազատել են դրա մատույցները: Նուլանդը սկսել է սնունդ բաժանել ցուցարարներին ու հատուկջոկատայիններին: Նրան ուղեկցել է Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Պայետը: