Վրաստանը հերթական քայլը կատարեց էներգոանկախության ուղղությամբ. Գարիբաշվիլի
Тбилисская неделя տեղեկատվական պորտալի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին և փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն Ախալցխայի շրջանում մասնակցել են 400 կիլովոլտանոց էլեկտրահաղորդագծի բացմանը, որը միմյանց է կապում Վրաստանի ու Թուրքիայի էներգոհամակարգերը:
Բացման արարողակարգի ժամանակ ունեցած ելույթում Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ էլեկտրահաղորդագծի բացումը մեծ կարևորություն ունի Վրաստանի և ողջ տարածաշրջանի համար: Նրա խոսքերով՝ դա Վրաստանի էներգոանկախության ուղղությամբ կատարված հերթական քայլն է:
Գարիբաշվիլին նկատել է, որ Վրաստանը, ինչպես նաև Ադրբեջանը կարող են դրանով էլեկտրաէներգիա մատակարարել Եվրոպայի երկրներին, ինչը պետք է իրականացվի Թուրքիայի տարածքի տարանցմամբ:
«Էներգետիկ կամուրջ» նախագիծը նախատեսում է Թուրքիա մատակարարել 1200 մեգավատտ էլեկտրաէներգիա, որից 600 մեգավատտը բաժին է ընկնելու Ադրբեջանին: Նախագծով ընդհանուր առմամբ նախատեսված է Թուրքիայից Եվրոպա տարեկան արտահանել մինչև 2000 մեգավատտ էլեկտրաէներգիա:
Նշվում է, որ էլեկտրահաղորդագծի բացման արարողակարգին ներկա են գտնվել նաև Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզն ու Ադրբեջանի էներգետիկայի ու արդյունաբերության նախարար Նատիգ Ալիևը: Միջոցառմանը մասնակցել են նաև 15 թուրք գործարարներ, որոնք շահագրգռված են Վրաստանի էներգետիկ ոլորտում ներդրումներ անելում: