Էշթոնն իր հիասթափությունն է հայտնել Կիևում ցուցարարների նկատմամբ ուժ կիրառելու կապակցությամբ (տեսանյութ)
BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում գտնվող ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը հայտարարել է, որ ցավով է նայում նրան, թե ինչպես է ուկրաինական ոստիկանությունը Կիևի կենտրոնական հրապարակում ուժ կիրառում ցուցարարների նկատմամբ.
«Երկխոսությունը պետք է կայանա քաղաքական տարբեր ուժերի ու հասարակության միջև, ինչի համար գործածվում են փաստարկներ: Դա մշտապես ավելի լավ է, քան ուժի փաստարկը»: Իր հիասթափությունը հայտնելուց բացի, Էշթոնը հայտարարել է, որ իրեն զարմացրել է ուկրաինացիների վճռականությունը, որոնք հանդես են գալիս երկրի եվրոպական հեռանկարի օգտին:
Քեթրին Էշթոնը Ուկրաինա է ժամանել նախօրեին և բանակցություններ է վարել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի, ինչպես նաև ընդդիմության ներկայացուցիչների հետ: Բացի այդ, Կիևում է գտնվում ԱՄՆ փոխպետքարտուղար Վիկտորյա Նուլանդը, ով երեկ հանդիպել է առանցքային ընդդիմադիր ուժերի առաջնորդների հետ: