Ջոն Քերին դատապարտել է Կիևում խաղաղ ցուցարարների հանդեպ ուժ կիրառելը
ZN.UA-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն իր բացասական վերաբերմունքն է հայտնել Ուկրաինային՝ կապված գիշերը Կիևի բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ ուժ կիրառելու հետ: Այսպիսի հայտարարություն է տարածել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի գրասենյակը.
«ԱՄՆ-ն իր հակակրանքն է հայտնում Ուկրաինայի իշխանությունների որոշման նկատմամբ՝ կապված Կիևի Մայդանի խաղաղ ակցիային հատուկջոկատայինների, բուլդոզերների ու մահակների օգտագործմամբ արձագանքելու հետ: Դա հարգանքի բացակայություն է ժողովրդավարական իրավունքների ու մարդկային արժանապատվության դեմ:
Այդպիսի պատասխանը չի հանդիսանում ընդունելի և չի համապատասխանում ժողովրդավարությանը: Նախորդ շաբաթ Բրյուսելում ու Մոլդովայում ես հրապարակավ ընդգծեցի այն բանի կարևորությունը, որ բոլոր կողմերը խուսափեն բռնությունից ու նախագահ Յանուկովիչին կոչ արեցի ի կատար ածել Ուկրաինայի ժողովրդի սպասումները:
Մենք Ուկրաինայի կառավարությանը հայտնում ենք մեր մտահոգությունը: Նախօրեին փոխնախագահ Բայդենը հեռախոսազրույց է ունեցել նախագահ Յանուկովիչի հետ և հասկացնել է տվել, որ ժողովրդավարական սկզբունքների, այդ թվում նաև ազատ հանրահավաքներ անցկացնելն ունեն արմատական նշանակություն՝ Ուկրաինայի հանդեպ ԱՄՆ-ի դիրքորոշման համար:
Դա ունիվերսալ և ոչ թե ամերիկյան արժեք է: Մենք առավելագույն զսպվածության կոչ ենք անում: Մարդկանց կյանքը պետք է պաշտպանված լինի: Ուկրաինայի իշխանությունները լիովին պատասխանատվություն են կրում ժողովրդի անվտանգության համար: ԱՄՆ-ը կանգնած է Ուկրաինայի ժողովրդի կողքին»: