Մենք մշտապես մեծ կարևորություն ենք տվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը. Դավութօղլու

Ռուսական РИА Новости լրատվական գործակալությունը, վկայակոչելով թուրքական Haber Aktuel պորտալը, հայտնում է, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ իր երկիրը «պատրաստ է» ձեռնարկել ամեն տիպի քայլեր, որոնք ամուր խաղաղություն կհաստատեն Հարավային Կովկասի տարածաշրջանում:

Դավութօղլուն դեկտեմբերի 12-ին Հայաստանի մայրաքաղաք Երևանում մասնակցելու է ՍՏՀԿ արտգործնախարարների 29-րդ հանդիպմանը: Դավութօղլուն հայտարարել է. «Մենք մշտապես մեծ նշանակություն ենք տվել Թուրքիայի ու Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը:

Մեր դիրքորոշումը մշտապես կայացել է նրանում, որ անհրաժեշտ է լուծել Հայաստանի ու Ադրբեջանի միջև գոյություն ունեցող տարաձայնությունները՝ կապված տարածքային ամբողջականության հարցի հետ:

Թուրքիան բաց է տվյալ թեմայով յուրաքանչյուր առաջարկի, մոտեցման, գաղափարի առջև: Մենք պատրաստ ենք ձեռնարկել յուրաքանչյուր անհրաժեշտ քայլ, որպեսզի Հարավային Կովկասում ապահովվի ամուր խաղաղություն ու կայունություն»: Դավութօղլուն ընդգծել է, որ երևանյան այցի հստակ ծրագիրը դեռ մշակված չէ.

«Մենք քննարկելու ենք ՍՏՀԿ գործունեության շրջանակներում հարցեր, և միևնույն ժամանակ հանդիպումներ ենք անցկացնելու ոչ միայն հյուրընկալ երկրի արտգործնախարարի, այլև՝ ՍՏՀԿ անդամ երկրներից շատերի արտգործնախարարների հետ»:

Տեսանյութեր

Լրահոս