Սիրիական ընդդիմությունը խոստովանել է, որ չի վերահսկում զինված իսլամականներին
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի ընդդիմադիր ու հեղափոխական ուժերի Ազգային դաշինքի ղեկավար Ահմեդ ալ-Ջարբան խոստովանել է, որ ընդդիմադիրները չեն վերահսկում Սիրիայում գործող զինված ծայրահեղական խմբավորումներին:
Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի գագաթաժողովում Ջարբան հայտարարել է. «Նրանց ազդեցությունը սահմանափակելը բարդ է, իսկ սեփական շարքերն ընդունելն ընդհանրապես անհնար է: Սիրիացի ընդդիմադիրները հայտնվել են երկու կրակի արանքում:
Մի կողմից Դամասկոսի վարչակարգի դեմ պայքարող ծայրահեղական խմբավորումներն են, ինչպիսիք են «Լևանտում ու Իրաքում իսլամական պետություն» խմբավորումը, իսկ մյուս կողմից Սիրիայի իշխանություններին աջակցող լիբանանյան «Հզբոլլահ» շարժումն է:
Մենք ընդհանրապես չէինք ցանկանա իրաքյան սցենարի կրկնություն: Սիրիական իշխանություններն արհեստականորեն բորբոքում են միջդավանաբական հակամարտություններ՝ զինելով հատկապես նախկին հանցագործներին»: