Սիրիայի քիմիական զենքի ոչնչացումը կմեկնարկի 2014 թվականի հունվարին
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Քիմիական զենքն արգելող կազմակերպության գլխավոր տնօրեն Ահմեթ Ուզյումջյուն հայտարարել է, որ իրենք պատրաստ են ձեռնամուխ լինել Սիրիայի քիմիական զենքի ոչնչացմանը:
2013 թվականի սեպտեմբերի 19-ին Ռուսաստանի նախաձեռնությամբ ձեռք բերվեց պայմանավորվածություն, որ Սիրիան միանում է Քիմիական զենքն արգելող կազմակերպությանը և հրաժարվում է իր քիմիական զինանոցից:
Դամասկոսը համաձայնվել էր իր քիմիական զինանոցը դնել միջազգային վերահսկողության տակ, որը պետք է ոչնչացվի մինչև 2014 թվականի կեսերը: Դեկտեմբերի 6-ին հայտնի դարձավ, որ Քիմիական զենքն արգելող կազմակերպության մասնագետներն ավարտել են երրորդ կատեգորիայի քիմիական զինանոցի ոչնչացումը:
Նրանք նաև հաստատել էին, որ ոչնչացրել էին այն բոլոր սարքավորումները, որոնք նախատեսված են մարտական թունավոր նյութեր պատրաստելու համար: Սիրիան հայտարարագրել էր մոտ 1300 տոննա քիմիական նյութ:
Ընդ որում, 800 տոննա քիմիկատը պետք է չեզոքացվեր մասնավոր ընկերությունների կողմից: Քիմիական զենքն արգելող կազմակերպությունը Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման գործընթացը սկսելու է 2014 թվականի հունվարին: