«Առը, դե ստացեք հիմա էս շարժումը». Լևոն Զուրաբյանի համար երթի մասնակիցների մեծ թիվը անակնկալ է եղել

ՀԱԿ-ի այսօրվա երթի հիմնական արդյունքը` ջախջախիչ հարված իշխանական քարոզչամեքենայի ջանքերին

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Հայ ազգային կոնգրես կուսակցությունը Ազատության հրապարակից երթ անցկացրեց: Երթի մասնակիցները նամակ հանձնեցին ԵԽ հայաստանյան գրասենյակի ներկայացուցչին, թմբուկներով ու ազատության կոչերով շարժվեցին Մաշտոցի պողոտա-Վազգեն Սարգսյան-Նալբանդյան-Թումանյան երթուղիով՝ վերադառնալով Ազատության հրապարակ: Խոսելով երթի արդյունքներից՝ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց. «Այսօրվա երթի հիմնական արդյունքը հետևյալն է՝ այս քանակով, այս վճռականությամբ, այս էներգիայով՝ հավաքվելով Մարդու իրավունքների երթին, դուք ջախջախիչ հարված հասցրիք իշխանական քարոզչամեքենայի բոլոր ջանքերին, որ գործադրվել է նրանց կողմից՝ վերջին ամիսների ընթացքում:

Այս ընթացքում մեզ թաղեցին, ասացին, թե այլևս շարժում չկա: Նրանք, ըստ էության, փորձում էին մարդկանց մեջ սերմանել այն պատկերացումը, թե դիմադրության շարժումը իբր կործանված է, ավարտված է: Այսօրվա մեր երթով մենք ջախջախեցինք իրենց բոլոր ջանքերը, և շնորհակալություն ձեզ բոլորիդ, որովհետև սա փայլուն արդյունք է, և ճանապարհ է բացում մեր ապագա լրջագույն ակցիաների և գործողությունների համար»: Նա ավելացրեց, թե սկսվել է նոր մի իրողություն, որն իրենց համար անակնկալ չէր: Բայց Լ. Զուրաբյանը խոսեց իր համար մեկ այլ անակնկալի մասին. «Եթե ճիշտն ասեմ, ես էլ եմ անակնկալի եկել մարդկանց այս քանակից: Մեզ համար նորություն չէր, բայց իշխանական քարոզչամեքենան շատերին էր կարողացել խաբել, շատերը մտածում էին, որ այլևս դիամադրության շարժում չկա… Առը, դե ստացեք հիմա էս շարժումը»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս