ԱՄՆ-ը ոչ շահավետ գործարք է պարտադրում Խաղաղօվկիանոսյան գործընկերության ապագա անդամներին. WikiLeaks
WikiLeaks կայքը հրապարակել է երկու փաստաթուղթ, որոնցից հետևում է, որ Խաղաղօվկիանոսյան գործընկերության ստեղծման շուրջ բանակցությունները մոտ են փակուղուն: Դրանց մասնակցում է 12 երկիր, որոնց բաժին է ընկնում համաշխարհային ՀՆԱ-ի ավելի քան 40 տոկոսը:
Այդ երկրներն են ԱՄՆ-ը, Ճապոնիան, Մեքսիկան, Կանադան, Ավստրալիան, Մալայզիան, Չիլին, Սինգապուրը, Պերուն, Վիետնամը, Նոր Զելանդիան ու Բրունեյը: Այս շաբաթ նրանց ներկայացուցիչները հավաքվել են Սինգապուրում՝ քննարկելու համար ապագա առևտրային համաձայնագիրը:
Դռնփակ պայմաններում անցած հանդիպումից հետո Ճապոնիայի առևտրի նախարար Յասուտոսի Նիսիմուրան հայտարարել է, որ իր կարծիքով ԱՄՆ-ը պետք է ցուցաբերի ավելի շատ ճկունություն: WikiLeaks-ի հրապարակած փաստաթղթերը ցույց են տալիս, որ կողմերը չեն կարողանում պայմանավորվել 119 կետի շուրջ՝ այդ թվում նաև ԱՄՆ-ի կոշտ դիրքորոշման պատճառով:
Դեռ հայտնի չէ, թե ինչպիսին է բանակցություններին մասնակցող մնացյալ երկրների դիրքորոշումը: Հրապարակված փաստաթղթերը վկայել են, որ ԱՄՆ-ը լուրջ ճնշում է գործադրում, որպեսզի այս շաբաթ լուծի վիճելի կետերի հնարավորինս մեծ մասի հարցը: Բանակցություններին մասնակից երկրներից մեկը հայտնել է, որ ԱՄՆ-ը ցայժմ որևէ էական քայլ չի ձեռնարկել, ինչն էլ հանդիսացել է ներկայիս իրավիճակի առաջացման պատճառը: