
Բայդենը Յանուկովիչին կոչ է արել անհապաղ դադարեցնել բռնությունների էսկալացիան

ZN.UA-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը երեկ հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ: Հեռախոսազրույցի ժամանակ Բայդենը նրան հայտնել է իր խորին մտահոգությունը՝ կապված Ուկրաինայում բռնությունների էսկալացիայի հետ:
Բայդենն ընդգծել է իրավիճակի թեժացման անհապաղ դադարեցման և ընդդիմության առաջնորդների հետ կոնսենսուս գտնելու վերաբերյալ երկխոսություն սկսելու անհրաժեշտությունը: Բայդենի խոսքերով՝ բռնությունը տեղ չունի ժողովրդավարական հասարակությունում, և որ այն անհամատեղելի է երկու երկրների միջև ռազմավարական հարաբերությունների հետ:
Բայդենը հաստատել է ԱՄՆ-ի ամուր աջակցությունն Ուկրաինայի եվրոպական ձգտումներին: Բայդենը ողջունել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի ու ԱՄՆ փոխպետքարտուղար Վիկտորյա Նուլանդի առաջիկա այցերը Կիև: