Բաժիններ՝

Վաշինգտոնը նախապես տեղյակ է եղել, որ Սիրիայի զինյալները կարող են արտադրել զարին գազ. Սեյմուր Հերշ

Russia Today-ի փոխանցմամբ՝ Վաշինգտոնը տեղյակ է եղել, որ Սիրիայի զինյալները կարող են արտադրել զարին գազ, սակայն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը միտումնավոր անուշադրության է մատնել դա: Նման սենսացիոն տեղեկատվություն London Review of Books պարբերականի կայքում հրապարակել է ԱՄՆ-ի ամենահայտնի լրագրողներից, 76-ամյա Սեյմուր Հերշը:

Նա ընդգծել է, որ այդ տվյալներն իրեն հայտնել են ամերիկյան հետախուզությունում առկա աղբյուրները: Հերշն իր այս նյութն առաջարկել է The New Yorker և The Washington Post թերթերին, սակայն վերջիններս հրաժարվել են հրապարակել այդ փաստերը:

Հերշի տեղեկություններով, Դամասկոսի մերձակայքում քիմիական զենքի կիրառումից շատ առաջ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները հրապարակել են «հույժ գաղտնի» մի զեկույց, որում ապացույցներ են ներկայացվել, որ «Ալ-Քաիդայի» հետ կապված «Ջաբհաթ ալ-Նուսրա» խմբավորման տրամադրության տակ են հայտնվել զարին արտադրելու տեխնոլոգիաներ:

Դրանով իսկ զինյալները կարողացել են արտադրել այդ մահացու վտանգավոր գազը: Մինչև Դամասկոսի արվարձանում քիմիական զենքի կիրառումը Օբամայի վարչակազմը քանիցս հայտարարել է, որ քիմիական զենքի կիրառումը Սիրիայի իշխանությունների համար կհանդիսանա յուրօրինակ «կարմիր գիծ», որի հատումը կհանգեցնի ԱՄՆ-ի ռազմական միջամտությանը Սիրիայում:

Հերշը կասկած է հայտնում, թե Սպիտակ տունը կարող էր անուշադրության մատնել իր հետախուզության տրամադրած տվյալները, քանի որ դրանք վկայել են, որ զինյալները ստացել են զարին արտադրելու հնարավորություն: Չնայած դրան՝ Օբաման անմիջապես սկսեց Սիրիայի իշխանություններին մեղադրել քիմիական հարձակման կազմակերպման մեջ՝ ընդ որում, ամբողջովին բացառելով, որ ակցիային կարող են մասնակցած լինել «Ջաբհաթ ալ-Նուսրայի» զինյալները:

Հերշն ընդգծել է, որ դա արվել է նրա համար, որպեսզի արդարացվի Սիրիայի նկատմամբ պլանավորված հարվածը: Լրագրողը զուգահեռներ է անցկացնում նրա հետ, որ 10 տարի առաջ ԱՄՆ-ի իշխանությունները փորձում էին գտնել Իրաք ներխուժելու պատճառ և այն ժամանակ հայտարարեցին, որ Սադդամ Հուսեինի տրամադրության տակ առկա է զանգվածային ոչնչացման զենք (ԶՈԶ):

Սեյմուր Հերշի կարծիքով՝ Բարաք Օբաման հեշտությամբ հրաժարվեց Սիրիայի դեմ ռազմական գործողության պլանից հենց նրա համար, որ նա համոզիչ ապացույցներ չուներ Ասադի մեղավորության մասին: Ստեղծված իրավիճակից դուրս գալուն նպաստեց Ռուսաստանը՝ առաջարկելով Սիրիայի քիմիական զենքը վերցնել միջազգային վերահսկողության տակ՝ դրա հետագա ոչնչացման նպատակով:

Սեյմուր Հերշը պնդում է, որ ամերիկյան հետախուզությունը չէր կարող 2013 թվականի օգոստոսին գաղտնալսել Ասադի ու նրա հրամանատարների միջև ռադիո և հեռախոսազրույցները, քանի որ մինչ այդ կառավարական զորքերի մասնագետները հայտնաբերել և վերացրել էին համապատասխան լրտեսական գործակալությունը:

Մյուս կողմից էլ ԱՄՆ-ի գործակալներն ու գիտատեխնիկական հետախուզությունը հավանաբար քիմիական զենքի հարձակումից մի քանի օր առաջ պետք է հայտնեին միջոցների ծավալման մասին, սակայն Օբաման որևէ տեղեկատվություն չի ստացել պատրաստվող քիմիական հարվածի մասին:

Հերշը, վերլուծելով Սիրիայում քիմիական հարձակման հետաքննման մասին ամերիկյան մամուլի հրապարակումները, նկատել է, որ Քիմիական զենքն արգելող կազմակերպության փորձագետները չեն կարողացել միաժամանակ ստուգել քիմիական զենքի պահպանման մի քանի օբյեկտ:

Բանն այն է, որ այն շրջանները, որոնցում հավանաբար գտնվել է այդ զենքը, շրջափակված է եղել զինյալների կողմից: Չգիտես ինչու, ԶԼՄ-ները ոչ մի կերպ չեն արձագանքել դրան, մինչդեռ Սիրիայի իշխանությունների կողմից քիմիական զենքի կիրառման ապացույցները կարող էին արհեստականորեն ստեղծված լինել հենց այդ ժամանակ:

Իր ամփոփիչ խոսքում Հերշն ամերիկյան իշխանություններին զգուշացնում է Սիրիայի զինյալներից բխող պոտենցիալ սպառնալիքն անտեսելու վտանգի մասին. «Այն ժամանակ, երբ Բաշար Ասադի վարչակարգը ձերբազատվում է քիմիական զենքի իր զինացոցից, այն շարունակում է մնալ զինյալների մոտ:

Այնպես որ իսլամականները կարող են Սիրիական հակամարտությունում շուտով հանդիսանալ միակը, ով իսկապես կունենա զարինի արտադրության բաղադրատարրեր: Իսկ դա շատ ծանրակշիռ փաստարկ է յուրաքանչյուր պատերազմում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս