
ԱՄՆ պետդեպարտամենտը ՌԴ-ին կոչ է արել հասնել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի քաղաքական կարգավորմանը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորյա Նուլանդը Մոսկվայում անցկացրած հանդիպումներում Ռուսաստանին կոչ է արել հասնել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի քաղաքական կարգավորմանը:
Այս մասին հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտը: Վերջինիս տարածած հաղորդագրությունում նշված է, որ Նուլանդը խորին մտահոգություն է հայտնել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի կապակցությամբ և Ռուսաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը՝ հասնելու համար խաղաղության, մարդկային արժանապատվության ու քաղաքական կարգավորման:
Պետդեպարտամենտը մանրամասնել է, որ Նուլանդը հանդիպել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի ու Ռուսաստանի փոխարտգործնախարարներ Սերգեյ Ռյաբկովի ու Ալեքսեյ Մեշկովի հետ: Նուլանդն իր ռուս գործընկերներին հայտնել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Ուկրաինայի եվրոպական ընտրությանը:
Պետդեպարտամենտն ընդգծել է, որ Մոսկվայում Նուլանդի անցկացրած երկկողմ հանդիպումներն արդյունավետ են եղել, քննարկվել են նաև ԱՄՆ-ի ու Ռուսաստանի տնտեսական կապերը, անվտանգության ու սպառազինության հետ կապված հարցեր: