
Իրաքում իրականացված ահաբեկչության հետևանքով զոհվել է առնվազն 31 մարդ

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաղդադից 60 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք ընկած Բուհրիզ քաղաքի կենտրոնում՝ սրճարանի մոտ, այսօր պայթեցվել է պայթուցիկով լի մի ատոմեքենա: Իրաքի տվյալ հատվածը բնակեցված է գերազանցապես սուննի մուսուլմաններով:
Պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 31 մարդ, կան տասնյակ վիրավորներ, որոնք գտնվում են ծանր վիճակում: Ահաբեկչության պատասխանատվությունը դեռ ոչ ոք չի ստանձնել:
Նախորդ շաբաթ էլ Բաղդադում գրանցված կրկնակի պայթյունի հետևանքով զոհվել էր 17 և վիրավորվել էր 37 մարդ: Դրանից առաջ էլ 48 մարդ էր զոհվել Բաղդադում մթերային խանութի մոտ գրանցված պայթյունի հետևանքով:
Պաշտոնական տվյալներով՝ 2013 թվականի հունվարից Իրաքում իրականացված բազմաթիվ ահաբեկչությունների հետևանքով զոհվել է 7000 խաղաղ բնակիչ: