
Սիրիայում անջատվել են համացանցն ու հեռախոսակապը

Բրիտանական Reuters լրատվական գորածակալության փոխանցմամբ՝ այսօր Սիրիայի տարածքում անջատվել են համացանցն ու հեռախոսակապը: Այս մասին հայտնել է սիրիական հեռուստատեսությունը:
Սիրիայի ազգային հեռահաղորդակցային ծառայության ղեկավարը հայտարարել է, որ Սիրիայում ինտերնետի անջատումը կապված է օպտիկամանրաթելային մալուխի վնասվելու հետ: Ինչ վերաբերվում է հեռախոսակապի անջատմանը, ապա դրա պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում:
Նշվում է, որ 2011 թվականի մարտին մեկնարկած Սիրիական հակամարտության ընթացքում քանիցս գրանցվել են նմանատիպ անջատումներ՝ կապված ենթակառուցվածքների վնասվելու հետ: 2012 թվականի վերջին Սիրիայում ինտերնետն անջատվել է երկու օրով: Համացանցի ու հեռախոսակապի աշխատանքում տևական դադարներ գրանցվել են այս տարվա մայիսի կեսերին: