Ադրբեջանում դատապարտել են «Եվրատեսիլ 2012»-ի շեմին Բաքվում ահաբեկչություններ պլանավորածներին
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաքվի դատարանը մեղավոր է ճանաչել 10 մարդու՝ կապված 2012 թվականի «Եվրատեսիլ» միջազգային երաժշտական մրցույթի ժամանակ ահաբեկչություններ նախապատրաստելու մեջ: Նրանց ազատազրկել են 4-10 տարի ժամկետով:
10 տարի ազատազրկման է դատապարտվել azadxeber.org կայքի նախկին գլխավոր խմբագիր Նիջատ Ալիևը: Հենց նա է եղել «Եվրատեսիլ 2012»-ի անցկացման նախօրեին ահաբեկչություններ պատրաստելու կազմակերպիչների գաղափարական ոգեշնչողներից մեկը: Տվյալ գործի շրջանակներում արդեն իսկ կալանավորվել է 40 մարդ:
Նրանց բոլորին էլ մեղավոր են ճանաչել Բաքվում ահաբեկչությունների շարք պլանավորելու մեջ: Տեղական ԶԼՄ-ների պնդմամբ՝ հանցավոր խումբը նաև մահափորձ էր պլանավորել երկրի նախագահ Իլհամ Ալիևի նկատմամբ, ինչը պետք է տեղի ունենար նույն թվականի ապրիլին, երբ Ալիևը պետք է այցելեր երկրի հյուսիս-արևմտյան հատված:
Հանցավոր խմբի ղեկավար Պադարովն ու նրա մերձավորները սպանվել էին 2012 թվականի հատուկ գործողության ժամանակ: