Բաժիններ՝

Իսրայելը, Հորդանանն ու Պաղեստինը պայմանագիր կստորագրեն Կարմիր ու Մեռյալ ծովերի միջև ջրանցք անցկացնելու մասին

Newsru.co.il-ի փոխանցմամբ՝ Վաշինգտոնում գտնվող Համաշխարհայկին բանկի շտաբ-բնակարանում այսօր տեղի է ունենալու Կարմիր ու Մեռյալ ծովերի միջև ջրանցք կառուցելու մասին պայմանագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը:

Իսրայելական կողմից Հորդանանի ու Պաղեստինի ինքնավարության հետ եռակողմ այդ պայմանագրի վրա իր ստորագրությունը դնելու է Իսրայելի ջրային պաշարների, էներգետիկայի ու ենթակառուցվածքների նախարար Սիլվան Շալոմը:

Վերջինս այդ իրադարձությունը որակել է որպես «պատմական»՝ ընդգծելով, որ ստորագրումից հետո ջրանցքի կառուցման առաջին փուլերի իրագործման համար հայտարարվելու է միջազգային մրցույթ:

Նախագծի շրջանակներում Կարմիր ու Մեռյալ ծովերի միջև կանցկացվեն մի շարք խողովակաշարեր, որոնց մոտ կկառուցվեն աղազրկման կայաններ ու հիդրոէլեկտրակայաններ, որոնք ջուր և էլեկտրականություն կմատակարարեն նախագծին մասնակից երեք երկրներին:

Նախագիծը տարբեր գնահատականներով կազմելու է 1-10 միլիարդ դոլար: Միջոցների մի մասը պետք է ստացվի միջազգային հանրությունից: Նշվում է, որ նախագիծը պարունակում է բնապահպանական լուրջ վտանգ տարածաշրջանիհամար:

Հնարավոր հետևանքների թվում նշվում են Կարմիր ծովի ջրիմուռների հայտնվելը Մեռյալ ծովում և նրա էկոհամակարգի փոփոխումը, ինչպես նաև Կարմիր ծովի կորալյան գաղութներին վնաս պատճառելը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս