
Ամերիկյան ինտերնետային խոշորագույն ընկերություններն իշխանություններից պահանջել են սահմանափակել գաղտնալսումները

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ամերիկյան ինտերնետային խոշորագույն ընկերությունները բաց նամակով դիմել են ԱՄՆ-ի իշխանություններին՝ կոչ անելով բարեփոխումներ կատարել հատուկ ծառայություններում և դադարեցնել իրենց օգտատերերի անձնական տվյալների մասշտաբային հավաքը:
Նախագահ Բարաք Օբամայի ու ամերիկյան Կոնգրեսի անդամներին հասցեագրված նամակի տակ իրենց ստորագրությունն են դրել Apple ընկերության ներկայացուցիչները, Facebook և Twitter սոցցանցերի ղեկավարությունը, ինչպես նաև հետևյալ ընկերությունների ղեկավարները՝ Google, Yahoo, Microsoft, LinkedIn և AOL:
Այս ընկերությունները նամակում նշել են, որ կարծում են, որ օրենքով պետք է սահմանափակվի համացանցի օգտատերերին հետախուզական գերատեսչությունների կողմից լրտեսելը, իսկ հատուկ ծառայություններն անհրաժեշտ է դնել անկախ դիտորդական մարմինների վերահսկողության տակ:
Ընդունելով պետական անվտանգության ապահովման կարևորությունը՝ ընկերությունները, այնուամենայնիվ, կարծում են, որ տվյալ ոլորտում գոյություն ունեցող սպառնալիքները չեն արդարացնում ԱՄՆ հատուկ ծառայությունների հաստատած ինտերնետային գաղտնալսման մասշտաբները:
Բաց նամակի հեղինակների կարծիքով՝ այս կամ այն անձնական տեղեկատվության բացահայտման մասին կառավարության բոլոր դիմումները պետք է լինեն օրինական ու արդարացված, հակառակ դեպքում հատուկ ծառայությունների գործունեությունը խաթարում է ԱՄՆ-ի քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, որոնք ամրագրված են երկրի Սահմանադրությունում: