
ԱՄՆ-ում առատ ձյան պատճառով չեղյալ է հայտարարվել ավելի քան 2500 ավիաչվերթ

Ամերիկյան Los Angeles Times թերթի փոխանցմամբ՝ երեկ ԱՄՆ-ում չեղյալ է հայտարարվել ավելի քան 2500 ավիաչվերթ: Որպես դրա պատճառ են նշվում ԱՄՆ-ի հարավում ու արևելքում գրանցված ձնամրրիկներն ու սառցային անձրևները:
Նախնական տվյալներով՝ դրանց հետևանքով զոհվել է 5 մարդ, որոնցից 3-ը՝ Թեքսասում, իսկ 2-ը՝ Վիսքոնսիսում: Չեղյալ հայտարարված չվերթների մեծ մասը (ավելի քան հազար թռիչք) բաժին է ընկել Թեքսասին՝ Դալասի միջազգային օդանավակայանին: Վաշինգտոնի ու նրա մերձակայքի օդանավակայաններում չեղյալ է հայտարարվել մոտ 400 չվերթ, մոտավորապես նույնպիսի ցուցանիշ էլ գրանցվել է Ֆիլադելֆիայի օդանավակայանում:
Եղանակային անբարենպաստ պայմանները խաթարել են նաև ավտոմոբիլային հաղորդակցությունը, ինչը վերաբերում է նաև երկրի հյուսիս-արևելքին: Մեծ քանակությամբ ավտոմեքենաների մասնակցությամբ վթարներ են գրանցվել մասնավորապես Վիսքոնսինում ու Փենսիլվանիայում:
Օդերևութաբանները կանխատեսել են, որ այսօր առատ տեղումներ կգրանցվեն ԱՄՆ-ի հյուսիս-արևելյան հատվածում: Եղանակային անբարենպաստ պայմանները տարածվելու են Վաշինգտոնից մինչև Ֆիլադելֆիա: