Բաժիններ՝

Սիրիական ընդդիմությունը հայտնել է, թե որ դեպքում կմասնակցի «Ժնև 2»-ին

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ստամբուլում բազավորված Սիրիայի հեղափոխական ու ընդդիմադիր ուժերի Ազգային խորհուրդը «Ժնև 2» կոնֆերանսին կմասնակցի միայն Սիրիայում հեղափոխության նշանի ներքո:

Այս մասին հայտարարել է պաշտոնական այցով Քուվեյթ այցելած Ազգային դաշինքի ղեկավար Ահմեդ ալ-Ջարբան: Նա նշել է, որ իրենց դաշինքի անդամները 20 օր քննարկել են այդ հարցը, որի արդյունքներով՝ միջազգային հանրությանը ներկայացրել են իրենց դիրքորոշումը.

«Մենք պայմանավորվել ենք մասնակցել կոնֆերանսին, սակայն դա կանենք միայն սիրիական հեղափոխության դրոշի ներքո: Ազգային դաշինքն իր նախապայմանների մասին հայտարարել է Լոնդոնում՝ սիրիական ընդդիմությանն ակտիվորեն ֆինանսավորող 11 երկրների արտգործնախարարների մասնակցությամբ հանդիպման ժամանակ:

Ընդ որում, նրանք աջակցել են այդ պայմաններին, հատկապես հումանիտար օգնության մատակարարման միջանցքների ստեղծմանը, ինչը ցայժմ տեղի չի ունեցել: Այդ կետի կատարումը կլինի Ժնևի կոնֆերանսի հաջողության հիմնական գործոններից մեկը»:

Ավելի վաղ Ազգային դաշինքը սկզբունքային համաձայնություն էր տվել «Ժնև 2» կոնֆերանսին մասնակցելուն՝ որպես նախապայման առաջ քաշելով իշխանության լիովին փոխանցումը, ինչպես նաև այն, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ու նրա համակիրները չպետք է որևէ դեր խաղան անցումային ժամանակաշրջանում և ապագա Սիրիայում:

«Ժնև 2» կոնֆերանսը պետք է անցկացվի 2014 թվականի հունվարի 22-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս