Ֆրանսիս Քյուրքչյանին հետաքրքրել են Էրեբունի հնավայրի որմնանկարները (լուսանկարներ)
Օրեր առաջ «Էրեբուն» պատմահնագիտական արգելոց-թանգարան էր այցելել ֆրանսահայ ճանաչված պարֆյումեր Ֆրանսիս Քյուրքչյանը: Նա պատմել է ֆրանսիական թանգարանների հետ իր համագործակցության և մշակութային արտադրանքներ թողարկելու աշխատանքների մասին:
Ծանոթանալավ թանգարանի հուշանվերների կրպակին, նա ուշագրավ է համարել Էրեբունիում պահպանված որմնանկարների առանձին էլեմենտների պատկերներով հոտավետ մոմեր արտադրելու հեռանկարը:
Ֆ. Քյուրքչյանի հետ զրույցում արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը կեսկատակ առաջարկել է Ուրարտուի արքաների, աստվածների և աստվածուհիների հզորությունը արտահայտել բույրերի միջոցով և զետեղել օծանելիքի սրվակներում: Ֆրանսիս Քյուրքչյանը Էրեբունի էր գնացել հոր` Պետրոս Քյուրքչյանի և հայ գործընկերների հետ:
Ֆ. Քյուրքչյանը Օծանելիքի միջազգային դպրոցի շրջանավարտ է: Իր առաջին օծանելիքը նա ստեղծել է 1995-ին, երբ ընդամենը 25 տարեկան էր: 2006 թվականից նրա կողմից իրականացվող հոտառական պերֆորմանսները գրավել են հազարավոր այցելուների Փարիզում, Վերսալում և Շանհայում:
Իսկ 2010թ. մայիսի 15-ին «Թանգարանների եվրոպական գիշեր» նախաձեռնության շրջանակում Փարիզի Grand Palais-ի մեծ նավի ներքո նրա հեղինակած «Լուսնորդ» ինստալյացիան հիացրել է շուրջ 23 հազար այցելուների` պատմական շինության այդ կտորը, ասես, վերածելով մեծ ջերմոցի` հագեցած ծաղիկների, փայտի և մեղրի 10-ից ավելի բույրերով: