
Ոստիկանների կողմից բռնություն կիրառելու գործով մեղադրյալներ չկան

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսացուի՝ Կարեն Եսայանի սպանության մեջ մեղադրվող Հարություն Սարգսյանի նկատմամբ ոստիկանների կողմից բռնություն կիրառելու գործով մեղադրյալներ չկան: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Հ. Սարգսյանի պաշտպան Լուսինե Սահակյանը: Նրա խոսքով՝ Հատուկ քննչական ծառայությունից իրենց չեն տեղեկացրել՝ արդյոք քրեական գործով կա՞ն կասկածյալներ, թե՞ ոչ:
Հիշեցնենք, որ Հարություն Սարգսյանը հայտարարել էր ոստիկանների կողմից իրեն բռնության ենթարկելու մասին: Նա նշել էր, որ իր նկատամամբ բռնություն է կիրառել նաև Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը: Ըստ ամբաստանյալի՝ ոստիկաններն իրեն ծեծի են ենթարկել՝ ստիպելու համար խոստովանել՝ իբր ինքն է սպանել Կարեն Եսայանին:
Նշենք, որ հարուցվել է քրեական գործ պաշտոնեական լիազորություններն անցնելու հոդվածով, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով, ինչպես նաև պաշտոնեական անփությության համար (ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մաս և 315-րդ հոդվածի 1-ին մաս):