Ուկրաինան որոշել է անդամակցել Մաքսային միությանը. The Economist
Բրիտանական The Economist թերթի ավագ խմբագիր Էդվարդ Լուկասը Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է Ռուսաստանի հետ Ուկրաինայի համաձայնագիր ստորագրելու մասին, որում խոսք է գնում նաև Մաքսային միությանն անդամակցելու պարտավորության մասին: Սրանից առաջ հաղորդվել էր, որ Չինաստանից վերադարձող Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին երեկ ընդունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Լուկասն ընդգծել է, որ այս մասին իրեն հայտնել են շատ հուսալի աղբյուրները, որոնց խոսքերով` Սոչիում կնքված ռազմավական համաձայնագիրը ենթադրում է նաև, որ Ռուսաստանն Ուկրաինային հատկացնելու է առնվազն 5 միլիարդ դոլարի վարկ և այդ երկրի համար 1000 խորանարդ մետր գազի գինը սահմանելու է 200 դոլար, ինչը զգալիորեն ավելի պակաս է 2009 թվականի գնից:
Լուկասը մանրամասնում է, որ համաձայնագրի կետերից մեկն այն է, որ Ուկրաինան համաձայնվել է մոտ ապագայում մտնել Մաքսային միության մեջ: Նա ենթադրում է, որ խոսքը գնում է մինչև 2015 թվականի մասին, երբ կսպառվեն Վիկտոր Յանուկովիչի նախագահական լիազորությունները:
Նշվում է, որ երեկ երեկոյան Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարել է, որ Ուկրաինայի ու Ռուսաստանի նախագահներ Վիկտոր Յանուկովիչն ու Վլադիմիր Պուտինը Սոչիում քննարկել են ռազմավարական գործընկերության մասին մեծ պայմանագրի նախապատրաստումը:
Դրանից մի քանի ժամ առաջ Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ աշխատանքային կարճատև այցի ընթացքում քննարկվել են ռուս-ուկրաինական երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր: