Իրանն անվտանգության գոտի է ստեղծել Կասպից ծովի իր հատվածում
Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրանն անվտանգության գոտի է ստեղծել Կասպից ծովի իր հատվածում: Այս մասին հայտարարել է Իրանի ռազմածովային ուժերի փոխհրամանատար, դերծովակալ Աֆշին Ռեզայե Հադդադը:
Վերջինիս խոսքերով` Իրանը Կասպից ծովի իր տարածքում հետևում է յուրաքանչյուր շարժման, յուրաքանչյուր գործողության` դրանով իսկ պաշտպանելով երկրի շահերը: Հադադը հավելել է, որ մերձկասպյան երկրների կողմից քաղաքական կամք ցուցաբերելը կնպաստի Կասպից ծովում խաղաղության ու կայունության հաստատմանը, և Իրանի նախաձեռնած անվտանգության գոտին կծառայի տվյալ նպատակին:
Հադադն ընդգծել է, որ Իրանը ռազմանավերի խումբ է ուղարկելու մերձկասպյան երկրներ` կապերի ամրապնդման համար: Նա չի մանրամասնել, թե որ երկրներ են ուղարկվելու նավերը, սակայն նշել է, որ երկու խմբեր արդեն իսկ պատրաստ են և մոտ ժամանակներս կուղարկվեն:
Այս տարվա հունիսին Իրանի ռազմածովային ուժերի երկու հրթիռակի մոորանավակ` «Պեյկանը» և «Ջուշանը» առաջին անգամ ոչ պաշտոնական, բարեկամական այցով ժամանեցին Ռուսաստան: