Հեքըթոն[ՅԱՆ] Թռիչք 2013. կապե՛ք ամրագոտիները
Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը, Հանրային լրագրութան ակումբը, Զվարթնոց միջազգային օդանավակայանը՝ Մայքրոսոֆթ ընկերության, Քաունթերփարթ ինթերնեշնլի հետ համատեղ հայտարարում են Հեքըթոն[ՅԱՆ] Թռիչք 2013 նորարար գաղափարների և ծրագրավորման ամենամյա մրցույթը:
Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ ևս Հեքըթոն[ՅԱՆ]-ի նպատակն է կազմակերպել նորարարության և ծրագրավորման մի յուրատեսակ փառատոն, որտեղ թիմերը` կազմված ծրագրավորողներից և ոչ միայն, ընդամենը 24 ժամում կմշակեն և ժյուրիին կներկայացնեն իրենց գաղափարը և առաջարկվող լուծման/ծրագրի/հավելվածի նախատիպը (դեմո տարբերակը):
Միջոցառումը տեղի կունենա դեկտեմբերի 21-22-ը ` Զվարթնոց միջազգային օդանավակայանում: Այս տարի Հեքըթոն[ՅԱՆ]-ը կրում է «Թռիչք» խորագիրը՝ քանի որ հնարավորություն է տալու բազմաթիվ նոր գաղափարների և թիմերի հենց այստեղից սկսել իրենց հետաքրքիր ու տպավորություններով լի առաջին ճամփորդությունը: Այս մասին 168.am-ին տեղեկացնում են Հանրային լրագրութան ակումբից:
Եթե ունեք հետաքրքիր և նորարար գաղափար կամ պարզապես տեխնոլոգիաների միջոցով կարող եք ինչ-որ խնդիրների լուծումներ առաջարկել,ապա մրցույթի մրջոցով Դուք կարող եք ոչ միայն կյանքի կոչել Ձեր գաղափարը, ստեղծել հավելված, որը վաղը կարող է ներբեռնվել ողջ աշխարհում, այլև փորձության ենթարկել խնդիր լուծելու Ձեր կարողությունները, փորձել իրագործել անհնարին թվացող գաղափարները, ինչպես նաև ստանալ մրցանակներ, համագործակցության և ներդրումների լայն հնարավորություն: Մրցույթին կարող եք մասնակցել մասնակցել Ձեր ընկերների և համախոհների հետ միասին, ներկայացնելով բիզնես ներուժ ունեցող ցանկացած նախագիծ` համակարգչային ծրագիր, տեխնոլոգիական լուծում ցանկացած ոլորտում, հեռախոսային հավելված, խաղ, նորարարություն:
Մասնակցության հայտերի վերջաժամկետը` 2013 թ-ի դեկտեմբերի 10-ն է:
Հայտերը պետք է ներկայացնել էլեկտրոնային տարբերակով՝ [email protected] էլ. հասցեին:
Տեղեկացնենք, որ առաջին Հեքըթոն[ՅԱՆ]մրցույթը Հայաստանում կազմակերպել է 2011 թվականին: Հեքըթոնը Սիլիկոնային հովտում սկիզբ առած միջոցառման ձևաչափ է, որը թույլ է տալիս նորագույն տեխնոլոգիաների կիրառման, թիմային աշխատանքի և ծրագրավորողների ու չ’ծրագրավորողների, այսինքն` այլ ոլորտների մասնագետների համագործակցության միջոցով առկա խնդիրների արդյունավետ լուծումներ առաջարկել:
Մրցույթի արդյունքում ակնկալվում է ունենալ տարբեր բնագավառներում մի շարք պատրաստի ծրագրերի նախատիպեր, հավելվածներ կամ լուծումներ, որոնք հայաստանյան և միջազգային շուկա դուրս գալու ներուժ ունեն: