ԱՄՆ-ը հրաժարվել է Թուրքիային մատակարարել անօդաչու թռչող սարքերի բաղադրատարրեր

Թուրքական Today’s Zaman թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ կառավարությունն ամերիկյան WestCAM Solutions ընկերությանն արգելել է Թուրքիա արտահանել սենսորներ և լազերային նշանակետեր: Պլանավորված է, որ դրանք տեղակայվելու են Karayel անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) վրա:

Դրա հետ կապված՝ կարող է ձախողվել Թուրքիայի զինված ուժերին հետախուզական նոր ԱԹՍ-ի մատակարարումը, որը պլանավորված է 2014 թվականի հուլիսին: Թուրքիայի պաշտպանության նախարարությունը թուրքական Vestel ընկերության հետ Karayel հետախուզական ԱԹՍ-ի մշակման պայմանագիրը կնքել է 2011 թվականին:

Դրանից հետո այդ ձեռնարկությունն անհրաժեշտ դետալները պատվիրել է WestCAM Solutions-ին: ԱՄՆ օրենսդրության համաձայն, ամերիկյան ընկերությանը կառավարության թույլտվությունն է խնդրել սարքավորումների արտահանման համար, սակայն մերժում է ստացել: Ամերիկյան իշխանությունները չեն նշել մերժման պատճառը:

Բացի Karayel ԱԹՍ-ից, պլանավորված էր, որ ամերիկյան տեսախցիկներն ու լազերները կօգտագործվեն ANKA ԱԹՍ-ի հարվածային տարբերակի մշակման ժամանակ: Թուրքական ռազմական գերատեսչությունում Today’s Zaman-ի աղբյուրները ենթադրում են, որ ԱՄՆ-ի մերժումը կապված է Թուրքիայի իրականացրած զենիթա-հրթիռային համալիրների մրցույթի արդյունքների հետ, որում հաղթել էր չինական ընկերությունը:

Ավելի վաղ ԱՄՆ-ը հրաժարվել էր Թուրքիային տրամադրել MQ-1 Predator հարվածային ԱԹՍ-եր: Ակնկալվում է, որ թուրքական մշակման Karayel ԱԹՍ-ը կարող է թռիչքներ գործել մինչև 5500 մետր բարձրության վրա և կրել մինչև 35 կիլոգրամ օգտակար բեռ: ԱԹՍ-ը կարող է օդում գտնվել մինչև 10 ժամ:

Տեսանյութեր

Լրահոս